Քոչարյանի և մյուսների գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ

Դատախազները և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը առարկել են ներկայացված միջնորդությանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի,  Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները քննող Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանական կողմի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի այսօր ժամը 15։15-ին։ 

Հիշեցնենք, որ նախորդ նիստին  Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել, նշելով, թե ինչպես է պատահել, որ երկու տարբեր դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությունը հանձնվել է նույն դատավորին:

Այսօր այդ միջնորդությանը միացավ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը, նաև Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Նա նաև առանձին միջնորդություն ներկայացրեց՝ նշելով. «Հիմքն այն է, որ քրեական գործը կասեցնելու և ՍԴ դատարան դիմելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքներով դուք օրենքի հիման վրա ստեղծված դատարան չեք»։

Դատախազները և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը առարկել են ներկայացված միջնորդությանը։