Հունիսի 12-ին օրիգամի ոճով ստեղծված հազար թղթե կռունկները նվիրվել են Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի երիտասարդ պացիենտներին: Միջոցառմանը ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:
Ճապոնական առասպելի համաձայն՝ հազար թղթե կռունկների պատրաստումը կարող է ի կատար ածել բաղձալի երազանքը: Ամբողջ աշխարհով հայտնի է Հիրոսիմայից 12-ամյա ճապոնուհու՝ Սադակո Սասակիի պատմությունը, որը ատոմային ռմբակոծությունից հետո լեյկեմիայով հիվանդանալով, ապաքինվելու հույսով սկսել էր կռունկներ պատրաստել: UWC Dilijan College-ից ճապոնացի ուսանողների եւ «Խիկարի» հայ-ճապոնական գիտակրթական մշակութային կենտրոնի շնորհիվ, հազար թղթե կռունկները զարդարել են Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը:
Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան նշեց, որ Ծագող արեւի երկրում կռունկը երջանկության եւ գեղեցկության խորհրդանիշ է:
Նա նաեւ նկատեց, որ ճապոնացի ուսանողների մասնակցությամբ ստեղծված թղթե կռունկները կնպաստեն խաղաղության եւ բարեկեցության տարածմանը:
«City of smile» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը հույս հայտնեց, որ սիրով եւ ջերմությամբ ստեղծված թղթե կռունկները կօգնեն օնկոհիվանդներին ապաքինվել:
Հուզիչ ակցիայի գլխավոր նպատակը հիվանդ երեխաներին հույս նվիրելն է, ինչը կարեւոր է ոչ միայն պացիենտների, այլեւ նրանց ծնողների համար:
«Խիկարի» կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանն իր կողմից տեղեկացրեց, որ ապագայում նախատեսվում է նման ակցիա, ընդ որում թղթե կռունկները ստեղծվելու են փոքրիկ օնկոհիվանդների եւ ապաքինված երեխաների ձեռքերով: Ծրագրի արդյունքներով հազար կռունկները Հայաստանից Ճապոնիա կուղարկվեն:
Միջոցառման լուսանկարներով Facebook-ի իր էջում կիսվել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
0Comments