Երեկ անկեղծորեն ցավ ապրեցի մեր պետության համար, որի երեք նախագահները հայտնվել են դատարանում, մեկը՝ մեղադրյալի, մյուսները՝ նրա ազատության երաշխավորի դերում։ Հատկապես տխուր էր տեսնել, թե ինչպես է Արցախի նախագահը՝ հանրային մեծ հարգանք վայելող Բակո Սահակյանը, գլխիկոր նստել դատարանի դահլիճում՝ ինչ-որ մի անհայտ դատավորի եւ ճամբարափոխ դատախազին խնդրողի կարգավիճակում, որ իր հայրենակցի խափանման միջոցը բարեհաճեն փոխել։ Անշուշտ, այս տեսարանի գլխավոր «ռեժիսորը» Նիկոլ Փաշինյանն է՝ նա է այս պրոցեսի իրական հեղինակը։
Բայց վերջին 30 տարիներին մեր պատմության մեջ խոշոր դերակատարում ունեցող այս անձինք նաեւ իրենք են իրենց ճակատագիրը կերտել։ Եթե անգամ Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանն անմիջականորեն մեղավոր չէ, նրա մեղքն առավելապես քաղաքական է՝ որպես օրվա իշխանություն, սակայն Արցախի ու Հայաստանի նախագահները բազում բացթողումների, սխալների, վրիպումների հեղինակ են։ Նրանց մեղքով է նաեւ, որ մեր հասարակությունն անաչառ չէ, մամուլը լիարժեք ազատ չէ, դատարաններն անկախ ու կայացած չեն։ Եթե նրանք իրենց գործունեության ընթացքում զարգացնեին հանրային ինստիտուտները, նպաստեին դեմոկրատական, ազատ հասարակության կայացմանը, հանրությանը բարձրացնեին, ոչ թե ճզմեին ու ճնշեին, հենց իրենք այսօր ավելի պաշտպանված կլինեին տարբեր կամայականություններից։
Ամենահետաքրքիրն այն է, որ ոչ մի իշխանություն դասեր չի քաղում նման տեսարաններից։ Չի գիտակցում, որ մի օր գալու է նաեւ իր՝ պատասխան տալու ժամանակը։ Անպայման գալու է նաեւ այսօրվա տեսարանները «բեմադրող» Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության ժամը։ Ուղղակի կարեկցել կարելի է նրանց, ովքեր կարծում են, թե աթոռն ու պաշտոնը հավերժ են, եւ ինքն ավելի պաշտպանված է, քան իր նախորդները։
0Comments