Ինչո՞ւ ենք մենք այդքան շատ ցանկանում ուտել վնասակար, բայց համեղ կերակուրը: Ինչո՞ւ է այդպիսի կերակուրին դիմակայելն այդքան դժվար: Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մասնագետները փորձել են պատասխանել այս հարցին:
Գիտնականներն ամեն ինչ պատճառաբանում են էվոլյուցիոն մեխանիզմներով: Նրանց ուշադրության կենտրոնում է հայտնվել նշաձեւ մարմինը, որը սովորաբար կապում են ցավի, տագնապայնության եւ վախի զգացման հետ: Ուղեղի այս գոտին ակտիվություն է ցուցադրել, երբ մկները բարձրկալորիական կերակուրից հաճույք են ստացել: Նշաձեւ մարմնի հետ է կապված նաեւ նիոցեպտին սպիտակուցը: Այն մեծ ակտիվություն է ունենում, երբ թե՛ մարդիկ, թե՛ կենդանիները գործածում են համեղ, կալորիական կերակուր: Եվ այս սպիտակուցը մեզ ստիպում է շարունակել դա անել: Արդյունքում մարդը չափից շատ է ուտում:
Հավանաբար, այս կերպ ի հայտ է գալիս օրգանիզմի պաշտպանական ֆունկցիան. հնադարում ուղեղը նկարագրված սխեմաների միջոցով ահազանգում էր այն մասին, որ անհրաժեշտ է ճարպ պաշարել քաղցած մնալու դեպքի համար: Իսկ դա անելու ամենապարզ միջոցը կալորիական սնունդի ակտիվ գործածումն էր:
0Comments