Սահմանադրությունը մարդուն տվել է ազատ տեղաշարժի իրավունք

Վանեցյանը՝ Միհրան Պողոսյանի կողմից Հայաստանը լքելու մասին

Անձին մեղադրանք առաջադրելուց հետո միայն հնարավոր է սահմանափակել նրա ազատ տեղաշարժը։ Այս մասին այսօր՝  ապրիլի 26–ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե մտավախություն չունի՞, որ կոռուպցիոներները Միհրան Պողոսյանի օրինակով նախապես կլքեն Հայաստանը։

«Եթե անգամ մենք գիտենք, որ ինչ–որ մեկը ենթադրյալ հանցագործ է, եթե մենք նախաքննության ընթացքում խախտենք որևէ օրենք և նրան թույլ չտանք լքի Հայաստանը, նույն ինտենսիվությամբ ինձ կհարցնեք, թե ինչու՞  այս մարդը անմեղ էր և չթողեցիք Հայաստանը լքի։ Անձին մեղադրանք առաջադրելուց հետո միայն հնարավոր է սահմանափակել անձի տեղաշարժը»,–ասաց նա՝ նշելով, որ Սահմանադրությունը մարդուն տվել է ազատ տեղաշարժի իրավունք։

«Ես ու՞մ ցուցում տամ, սահման փակեմ, մարդկանց չթողնեմ գնա՞ն»,–նկատեց ԱԱԾ տնօրենը։

Վանեցյանը պատմեց, որ տեխնիկական խնդիրների պատճառով սահմանապահ ծառայության աշխատակիցները, նախքան անձին մեղադրանք առաջադրելը, թույլ չեն տվել անձին՝ հատել սահմանը, արդյունքում  անձը  դիմել է ՀՔԾ և  սահմանապահների նկատմամաբ հարուցվել է քրեական գործ։

«Հիմա մեր սահմանապահները լա՞վ բան են արել, թե՞ ոչ»,–դիմելով լրագրողներին ասաց Վանեցյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել եւ չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ: Դատարանը ապրիլի 15-ին որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել գեներալին։ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: ՌԴ դատարանը բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու վերաբերյալ։