Կառավարության կամքի վրա կասկած չունեմ, բայց ցանկալի կլիներ ժամկետներ նշվեին

Այս երեքամսյա ժամկետն էլ չի պահպանվի, շատ ավելի շուտ կընդունվի

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը կարևորեց «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը: Նա ասաց՝ ցանկալի կլիներ, որ ժամկետներ նշվեին:

«Ես կասկած չունեմ կառավարության կամքի վրա` սա իրականացնելու, բայց կուզեի իմանալ՝ ինչքա՞ն ժամանակում է սա իրականացվելու»,- հետաքրքրվեց նա:

Թանդիլյանը նշեց՝ գրված է, որ 3 տարվա ընթացքում պետք է դիմեն, կարող է՝ 1 տարում դիմեն, սակայն անհրաժեշտ է որոշել ձևը, չափը: Նա ընդգծեց՝ կառավարությունը կարող է որոշել կարգը, բայց արդյո՞ք ձև, չափ, ժամկետներ պետք չէ սահմանել:

Հարցի հիմնական զեկուցող, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը տեղեկացրեց, որ կառավարության որոշումը կընդունվի օրենքի` ուժի մեջ մտնելուց երեքամսյա ժամկետում:

«Այս երեքամսյա ժամկետն էլ չի պահպանվի, շատ ավելի շուտ կընդունվի: Վաղն արդեն կառավարությունում մասնակցելու եմ քննարկման, որ հասկանանք՝ աջակցության ձևը, չափը, տրամադրման կարգը: Աջակցությունը կարող է լինել ոչ միայն ֆինանսական, մարդիկ ունեն առողջական, հոգեբանական խնդիրներ, գուցե կարիք լինի նման աջակցություն տրամադրելու»,- ասաց նա:Նազարյանը հայտնեց՝ իրենք որոշեցին օրենք ունենալ, որ կառավարության համար ժամկետ սահմանեն: