Առանց 3 երեխա ունենալու չես կարող նախարար լինել. Լուկաշենկոն

Երկու երեխան ձերն են, երրորդը՝ իմը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, անդրադառնալով երկրում ժողովրդագրական պատկերին, առաջարկում է բարձր պաշտոնների նշանակել միայն այն մարդկանց, որոնք առնվազն 3 երեխա ունեն, գրում է interfax.ru-ն:

«Չունեք 3 երեխա, ինչպես երկրի վարչապետ Սերգեյ Ռումասի դեպքում է`4 երեխա, ապա չեք կարող նախարար դառնալ կամ այլ պաշտոն զբաղեցնել»,- ասել է Լուկաշենկոն՝ դիմելով պաշտոնյաներին:

Նա նաև ընդգծել է, որ առաջնահերթ կարգով արտոնյալ պայմաններով բնակարան պետք է հատկացվի բազմանդամ ընտանիքներին:

«Նման միտումների պարագայում վաղը ապրող չի լինի»,- ասել է Բելառուսի նախագահը:

Ավելի վաղ Լուկաշենկոն խնդրել էր բելառուս կանանց ավելի շատ երեխա ունենալ:

«Ավելի շատ երեխա: Դա և՛ կանանց, և՛ տղամարդկանց, և՛ երկրի համար է շատ կարևոր: Երկու երեխան ձերն են, երրորդը՝ իմը»,- ասել էր Լուկաշենկոն մարտի 1-ին: