Ականային պատահարից տուժած սակրավորն արդեն Հայաստանում է

Ականային պատահարից տուժած սակրավորն արդեն Հայաստանում է

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորն արդեն Հայաստանում է։

Նազելի Էլբակյանը տուժած սակրավոի անձնական տվյալները չի հրապարակել, բայց նշել է, որ Մոսկվա տեղափոխվելուց հետո նա կրկնակի վիրահատության է ենթարկվել, ապաքինվել է ու վերադարձել Երևան, գտնվում է իր տանը։ Նրա վիճակը նորմալ է, վերքը լավանալուց հետո ոտքը կպրոթեզավորվի։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել մարտի 7-ին՝ ականազերծման աշխատանքների ժամանակ: Սակրավորն աջ ոտնաթաթի վնասվածք էր ստացել: Վիրահատվել էր, օրեր անց տեղափոխվել էր Մոսկվա։

Ինչպես հայտնի է, Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով  փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք. Հալեպ):

Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալում են  հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: