Ժամանակն է հասկանալ՝ մեզ պե՞տք են աշխատատեղեր, թե՞ ավելի մատչելի ցեմենտ. Հայկ Սարգսյան

Մենք ցանկանում ենք հասկանալ, թե ինչ ինքնարժեք են ստանում ընդհանրապես Հայաստանում երեք ցեմենտ արտադրողները:

Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն անդրադարձել է այն խնդրին, որը ցեմենտի արտադրության և ներկրման հետ է կապված:

«Մենք ցանկանում ենք հասկանալ, թե ինչ ինքնարժեք են ստանում ընդհանրապես Հայաստանում երեք ցեմենտ արտադրողները: Ինքան է նստում ցեմենտը ներմուծողների վրա Երևանում, որ, ըստ դրա, որոշենք` պետտուրքն ինչքան կիրառենք, պետտուրքին ինչ գին կիրառենք իրանական ցեմենտի վրա, որպեսզի հայկականի հետ գա մրցի, այսինքն՝ նրա պայմանները լինեն ոչ ավելի լավը, ոչ ավելի վատը: Այսինքն՝ կստացվի նույն գինը»,- ասել է Սարգսյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե ԲՀԿ-ի անդամներին Հայկ Սարգսյանի հայտարարությունն է զայրացրել, ըստ որի՝ 400 հոգի է կրճատվել, ոչինչ, «Իմ քայլը» խմբակցության անդամը պատասխանել է.

«Ես նման բան չեմ ասել: Ես ասել եմ՝ ժամանակն է հասկանալ՝ մեզ ինչն է, որպես պետություն, ավելի ձեռնտու ունենալ՝ աշխատատեղե՞ր, թե՞ ավելի մատչելի ցեմենտ: Դրանից իրենց որոշ պատգամավորներ ենթադրել են, որ ես նկատի ունեմ, որ իրենց աշխատողներին պետք է հեռացնեն և այլևս արտադրությամբ չզբաղվեն, ներմուծմամբ զբաղվեն: Ես նման բան չեմ ասել, անտրամաբանական էլ կլիներ, որ ասեի»,- ասել է Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ իր խոսքը հետևյալ շեշտադրումն ուներ՝ պետք է ունենալ և´ մատչելի ցեմենտ, և´ տեղական արտադրող: Եթե չլինի տեղական արտադրողը, հարևան երկրները շատ արագ գինը կբարձրացնեն:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հիշեցրել է, որ երբ իրանական ցեմենտը Հայաստան մտավ, Հայաստանում ցեմենտի գինը նվազեց 10 հազար դրամով: Դա եղել է հեղափոխությունից հետո: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք կառավարությունը հետ կկանգնի իր ծրագրից Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան այսօրվա հանդիպումից հետո, ասել է.

«Կառավարությունը հետ կանգնելու խնդիր չունի, կառավարությունն օրենսդրական նախաձեռնության առաջարկությունն ուղարկել է ԱԺ: Տնտեսական հանձանաժողովը միաձայն կողմ է քվեարկել այդ նախաձեռնությանը:  Կողմ են քվեարկել նաև ԲՀԿ պատգամավորները»,- հավելել է Սարգսյանը ու նաև նշել, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում շարունակելու են իրենց հանդիպումները բոլոր ցեմենտ արտադրողների հետ` նպատակ ունենալով գտնել ամենաարդյունավետ տարբերակը: