«Տեղի է ունենում ինչ-որ անհեթեթություն, անհասկացություն է, այնպիսի պահ է, որ, չգիտեմ ինչու, Նազենի Ղարիբյանը որոշել է, որ ես անօրինական եմ նշանակվել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, արդեն նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը։
Նրա խոսքով, այդ մասին իրեն մշակույթի նախարարությունից ասում են վերջին 8-9 ամիսներին։
«Ես ասել եմ, որ սա իմ հարցը չէ։ Ինձ նշանակելու վերաբերյալ որոշում կայացրել է կառավարությունը, այնպես որ դուք խնդիր ունեք կառավարության հետ։ Կառավարությունը դատի տվեք, թող որոշի դատարանը՝ օրինական է, թե ոչ։ Իմ պայմանագիրը մշակույթի նախարարության հետ օրինական է։ Ես որևէ մեկին չեմ խնդրել, այն էլ անօրինական ինձ նշանակել այդ պաշտոնի։ Դա իմ կյանքի նպատակը չի եղել։ Այստեղ ինչ-որ անհակասցություն կա, ակնհայտ է, ոչ լավ խորհրդականներ ունի»,- նշեց Կ. Օրբելյանը։
Նա ասաց, որ եթե անօրինական լիներ, իրեն դեռ 9 ամիս առաջ կազատեին. «Նրանք սպասում էին, որպեսզի ես ինքս գնամ։ Բայց ես ինքս չեմ գնա, որովհետև ինչպես կբացատրեմ կոլեկտիվին՝ ինչո՞ւ, ի՞նչ հիմքով։ Ես ասացի՝ կամ ինձ հանգիստ եք թողնում, կամ ազատում եք։ Նա որոշեց ազատել»։
Հարցին, արդյո՞ք ձեր ազատման հարցում քաղաքական ենթատեքստ տեսնում եք, Կ. Օրբելյանը պատասխանեց. «Ոչ մի քաղաքականություն այստեղ չեմ տեսնում, պարզապես Նազենի Ղարիբյանին սխալ տեղեկատվություն է տրված։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղում, ինձ չի հետաքրքրում քաղաքականությունը, գլխավորը Հայաստանի զարգացումն է, օպերային թատրոնի ծաղկումն է»։
Կ. Օրբելյանն ասաց, որ մշակութի նախարարության կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացված փաստարկներում, թե ինչու են իրեն ազատել, սխալներ կան։
Ինչ վերաբերում է թատրոնի պարտքին, նա ասաց, որ կամաց-կամաց, հնարավորություն դեպքում մարում են, որը ժառանգել է նախորդ ղեկավարությունից։ Իսկ բացակայությունների մասին նշեց, որ ոչ մի օր առանց նախարարի հրամանի ինքը չի բացակայել, առանց նախարարի հրամանի ոչ մի օր չի եղել արտասահմանում։ Կ. Օրբելյանն նաև ընդգծեց, որ գնում է գործերով։
Նա համոզված է, որ այս հարցը դրական է լուծվում է ստանալու։
0Comments