Սասուն Միքայելյանը չի հավակնում ՀԹՖ նախագահի կամ պատվավոր նախագահի պաշտոնին

Երեւանի ԵԿՄ շենքում կազմակերպված ժողովը զուտ բարի կամքի դրսեւորում էր Սասուն Միքայելյանի կողմից

ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը չի հավակնում ոչ ֆեդերացիայի պատվավոր նախագահի, ոչ էլ ֆեդերացիայի նախագահի պաշտոնին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը:

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը չի հավակնում ֆեդերացիայի պատվավոր նախագահի պաշտոնին: Եվ ոչ էլ նախագահի պաշտոնն է մտադիր զբաղեցնել: Երեւանի ԵԿՄ շենքում կազմակերպված ժողովը զուտ բարի կամքի դրսեւորում էր Սասուն Միքայելյանի կողմից: Նա ցանկանում էր օգնել, հարթել այս իրավիճակը, ինչի համար նրանից շատ շնորհակալ ենք: Այս հարցը հնչել է նաեւ ԱԺ նիստերից մեկում, որտեղ նա հայտարարել է, որ որեւէ կապ չունի ֆեդերացիայի հետ եւ մտադիր չէ առաջադրվել ոչ ֆեդերացիայի նախագահի եւ ոչ էլ պատվավոր նախագահի պաշտոնում: Մենք ունենք մեր նախագահի թեկնածուն՝ նախկին թաեքվոնդոիստ Դավիթ Պողոսյանն է: Իսկ թե ով կլինի պատվավոր նախագահը, դա ժամանակի հարց է»,- ասաց Վարդան Ղահրամանյանը:

Երեւանի «Միկա» մարզահամալիրում ապրիլի 2-ին անցկացվեց թաեքվոնդոյի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Չեմպիոն դարձան Լեւոն Գասպարյանը (56կգ), Արտակ Հովհաննիսյանը (58կգ), Ռոման Հայրապետով (63կգ), Սարգիս Սարգսյանը (68 կգ), Սերգեյ Ավանեսով (74 կգ), Հայկ Խաչատրյանը (80 կգ), Արսեն Գրիգորյանը (87 կգ) եւ Անդրանիկ Եդիգարյանը (+87 կգ): Մասնակցում էր 41 մարզիկ Հայաստանից եւ Արցախից:

Հիշեցնենք, որ թաեքվոնդոյի Հայաստանի առաջնությունը պետք է կայանար մարտի 16-ին, սակայն Ֆեդերացիայի շուրջ ստեղծված տարաձայնությունների պատճառով Հայաստանի առաջնությունը բոյկոտել էին տարբեր ակումբների մարզիկներ: