Ապրիլյանի զինվորների անձնազոհությունը նպաստեց թավշյա հեղափոխությանը

Սասուն Միքաելյանը անդրադարձավ նաեւ Նյու Յորքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը

Քառօրյա պատերազմի զինվորների անձնազոհությունը նպաստեց թավշյա հեղափոխությանը, որ ժողովուրդը նորից համախմբվի այն գաղափարի շուրջ, որ պետք է ունենա նոր Հայաստան: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արցախյան պատերազմի մասնակից Սասուն Միքայելյանը:

«Ապրիլյան պատերազմը դաս էր մեզ: Պատերազմը ցույց տվեց, որ վերջին քսան տարվա ընթացքում ամեն ինչ կորած չէ, ժողովուրդը կարող է համախմբվել: Մեծ ու մանուկ դուրս եկան սահման, պայքարեցին՝ մեր սահմանների, հողի ու ջրի համար»,- ասաց Միքայելյանը:

Սասուն Միքաելյանը անդրադարձավ նաեւ Նյու Յորքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, թե «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքը վերաձեւակերպել է «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» սկզբունքի՝ նշելով, որ հայերը միշտ պետք է պատրաստ լինեն պատերազմի. «Տոնոյանը չի ասել մենք կգնանք պատերազմելու, այլ՝ եթե նման բան  լինի մենք պատրաստ ենք դրան»,- ասաց նա:

Միքայելյանն ասաց, որ ադրբեջանցիները երբեւէ չեն եկել բանակցային գործընթացին մասնակցելու. «Նիկոլ Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպումը բանակցային գործընթաց չէր, այլ՝ ինչ-որ հարցի քննարկում»: