Ապրիլյան պատերազմի օրերին զինվորը փամփուշտ չի ունեցել կրակելու համար, տանկերի մեջ վառելիք չի եղել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ապրիլի 3-ին եղել ենք առաջնագծում եւ խնդիրների մասին ավելի ուշ խնդիրները բարձրաձայնել ենք պատկան մարմինների, նախկին իշխանության առաջ, մենք դա չենք հրապարակայնացրել, փակ հանդիպումների ժամանակ ենք ասել։ Մենք ասել ենք՝ զինվորը փամփուշտ չի ունեցել կրակելու համար, զինվորը կապ չի ունեցել հրամանատարի հետ կապվելու համար, տանկերի մեջ վառելիք չի եղել»,- ասաց պատգամավորը։
Նաիրա Զոհրաբյանի խոսքով, բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ անկախ կատարած հանցագործությունից․ «Զինվորից մեծ ու փոքր գողացող չկա, մեկ բաժակ ջուր գողացողն այնքան հանցագործ է, որքան տանկից վառելիք գողացողը»։
Նշենք, որ ԲՀԿ-ականներն այսօր պանթեոն էին այցելել՝ հարգանքի տուրք մատուցելու ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակին։ Հարցին՝ ինչու կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ ներկա չէր, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց․ «Պարոն Ծառուկյանը մշտապես լինում է պանթեոնում, իր հարգանքի տուրքը մատուցում, իսկ այսօրվա վերաբերյալ կարծում եմ՝ մամուլի ծառայությունը կտեղեկացնի, վստահ եմ՝ հարգելի պատճառ է»։
0Comments