ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոյի հետ։ Նրանք պայմանավորվել են կապ պահպանել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Քաղաքական գործիչները քննարկել են իրավիճակն աշխարհում, այդ թվում՝ Պաղեստինում, Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում, ինչպես նաև պայմանավորվել են աշխատել պետությունների միջև երկխոսության վերականգնման ուղղությամբ։
Բացի այդ, կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիվանագիտական առճակատումը դադարեցնելու հարցը։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում կազմակերպել փորձագետների հանդիպում՝ համաձայնեցնելու կոնկրետ քայլեր՝ փոխադարձաբար վերացնելու Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին առաքելությունների աշխատանքին խոչընդոտները», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Փետրվարի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Պետությունների ղեկավարները պայմանավորվել են անձնական հանդիպում անցկացնել։ Զրույցից հետո Մոսկվան և Վաշինգտոնը սկսել են թիմեր ձևավորել՝ երկկողմ երկխոսությունը վերսկսելու և ուկրաինական հակամարտությունը քննարկելու համար։
0Comments