Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցը.
Ի թիվս այլ հարցերի՝ նա անդրադարձել է Ադրբեջանից անընդհատ հնչող մեղադրանքներին, թե Հայաստանը սպառազինվում է Բաքվի դեմ։
-Ադրբեջանն ընդհանրապես Հայաստանի Հանրապետության կողմից սպառազինությունների ձեռքբերումը փորձում է դարձնել օրակարգային խնդիր:
-Միջազգային բոլոր նորմերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը զինված ուժեր ունենալու իրավունք ունի եւ պարտավորություն՝ պաշտպանելու սեփական քաղաքացիներին, այդ թվում՝ հնարավոր արտաքին սպառնալիքներից: Բանակի բարեփոխումները մեր լեգիտիմ իրավունքն է: Արդյո՞ք դա սպառնալիք է Ադրբեջանի համար. ոչ, որովհետեւ մենք հստակ ճանաչել եւ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Խորհրդային Ադրբեջանի տարածքով եւ ակնկալում ենք, որ Ադրբեջանն էլ մեզ նման, տարընթերցումների տեղիք չտալով, ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, համաձայն մեր ձեռքբերած պայմանավորվածությունների եւ ձեռնպահ մնա սպառնալիքների քաղաքականությունից: Գործնականում ամեն օր Ադրբեջանից սպառնալից հայտարարություններ են հնչում Հայաստանի Հանրապետության հասցեին: Այս պայմաններում մեր արձագանքը նույնիսկ ներքին քննադատությունների է արժանանում, որովհետեւ մենք ասում ենք, որ նույնիսկ մեր ինքնիշխան տարածքի օկուպացված ավելի քան 200 քառակուսի կիլոմետր ընդգրկող հատվածները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում, որովհետեւ սահմանազատման հարցում ձեռքբերված ինստիտուցիոնալ լուծումները հնարավորություն են տալիս այդ հարցը կարգավորել խաղաղ, բանակցային ճանապարհով: Նույնիսկ այս ամենի համատեքստում Ադրբեջանին առաջարկել ենք սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմ ստեղծել: Բայց Ադրբեջանն առայժմ չի արձագանքում, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունն արդեն 3 անգամ է՝ հօգուտ Ադրբեջանի: Այս ֆոնին մեզ մեղադրել սպառազինվելու մեջ, առնվազն արդար չէ:
-Պարո՛ն վարչապետ, Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է ոչ պաշտպանական զենքեր ձեռքբերելու մեջ բայց եւ ասում, որ Հայաստանը չի դիմանա իր հետ սպառազինությունների մրցավազքում։
-Հայաստանը որևէ երկրի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ չէ, մենք սպառազինությունները ձեռք ենք բերում բացառապես Հայաստանի սահմանները և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, այսինքն՝ պաշտպանական նպատակներով եւ մեր նպատակները թափանցիկ են: Մեզ փորձում են ասել, թե պաշտպանական նպատակներով պետք է ձեռքբերել պաշտպանական զենքեր: Բայց պաշտպանական զենքով հնարավոր չէ պաշտպանություն կազմակերպել. ասենք Հայաստանն ունեցավ գերհագեցած ՀՕՊ եւ ՌԵՊ միջոցներ, ինչո՞վ պետք է պաշտպանվի ցամաքային հարձակումներից. իհարկե՝ հրետանիով, իհարկե՝ հրթիռներով, իհարկե՝ խոցման այլ միջոցներով: Ադրբեջանն էլ է ոչ պաշտպանական սպառազինություն ձեռքբերում, նշանակում է ռեւանշիստական քաղաքականությո՞ւն է վարում:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
0Comments