Սահմանների լեգիտիմությունը միջազգային հարաբերություններում կարևոր կատեգորիա է, բայց դա չի վերացնում ուժային ամրապնդման անհրաժեշտությունը:
«Վալդայ» ակումբի հիմնադրամի գիտական աշխատանքների գծով տնօրեն, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը Sputnik Արմենիային տված հարցազրույցում վերլուծել է սիրիական իրադարձությունները Թուրքիայի միջամտության համատեքստում, Ռուսաստանի դիրքորոշումը, ինչպես նաև գնահատել է Հայաստանի համար անվտանգության «ռուսական հովանոցի» պահպանման հեռանկարները։ Լուկյանովի հետ զրուցել է Աշոտ Սաֆարյանը:
- Բաշար Ասադի ռեժիմի անկումից հետո Թուրքիայի նախագահն ավելի հաճախ է ակնարկում Սիրիայի հյուսիսային տարածքները վերահսկողության տակ վերցնելու ձգտման մասին։ Ինչպե՞ս եք գնահատում Սիրիայի տրոհման հավանականությունը, և ինչի՞ կարող են հանգեցնել Անկարայի տարածաշրջանային հավակնությունները:
- Ինձ թվում է՝ այստեղ երկակի իրավիճակ է։ Վերջին տարիներին մենք տեսնում ենք աճող երևույթ՝ կապված նախկինում անխախտ թվացող սահմանների վերանայման հետ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սահմանների անխախտելիության սկզբունքը դրվեց միջազգային հարաբերությունների հիմքում։ Այս մոտեցումը նախ հռչակվեց, ապա ամրագրվեց 1970-ականների Հելսինկյան սկզբունքներում։ Սակայն այժմ իրավիճակը փոխվում է, հատկապես Մերձավոր Արևելքում, որտեղ պետությունների տարածքային ամբողջականությանը հասցվող հարվածները սկսվել են դեռևս 2000-ականներին։
Որոշ երկրներ, օրինակ` Իրաքը և Լիբիան, պաշտոնապես պահպանում են սահմանները, բայց իրականում կորցնում են իրենց նախկին ամբողջականությունը: Մինչ այժմ պետությունների թուլացումը չի հանգեցրել նրանց տարածքների բռնակցման։ Նույնիսկ ԱՄՆ-ն, չնայած իր քաղաքականությանը, պաշտոնապես չի աջակցում սահմանների վերանայմանը։ Մերձավոր Արևելքում միակ բացառությունը Գոլանի բարձունքներն են, որոնք Իսրայելը հռչակել է իր տարածք, իսկ ԱՄՆ-ն՝ Թրամփի վարչակազմի օրոք, ճանաչել է դա: Ավելին` Իսրայելն ըստ ամենայնի կարող է Գոլանի բարձունքների հաշվին ընդլայնել իր տարածքները։
Ինչ վերաբերում է Թուրքիային և սահմանները փոխելու նրա ձգտմանը, ապա դա չափազանց ռիսկային քայլ է։ Տարածաշրջանի անկայունությունն արդեն իսկ ցույց է տալիս, թե առանձին երկրներում պետական համակարգերի ոչնչացումն ինչպես է ազդում հարևանների վրա: Հետևաբար նույնիսկ եթե նման հռետորաբանություն է հնչում, այդօրինակ մտադրությունների իրականացումը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների:
- Սահմանների թեման արդիական է նաև Հայաստանի համար։ Լեգիտիմությունը, սահմանների միջազգային ճանաչումը երկրի իշխանությունները ներկայացնում են գրեթե որպես սպեղանի, հարևան երկրի հավանական ագրեսիայի դեմ «զրահ»... Ձեր տեսանկյունից` դա այդպե՞ս է։
- Պետք չէ հույս դնել նոր սահմանների լեգիտիմացման վրա, քանի որ դրանք ոչ ոք չի ճանաչի։ Միաժամանակ, ինչպես նշեցի, աշխարհը շատ արագ է փոխվում։ Մերձավոր Արևելքը և հետխորհրդային տարածքի հարակից գոտին ասվածի վառ օրինակ են։ Ժողովրդի լեզվով ասած` ով խիզախ է, նա էլ ուտում է։ Ակտիվ, համառ խաղացողները հասնում են իրենց նպատակին, և Իսրայելի օրինակը հաստատում է դա։ Շատերին անհանգստություն պատճառող կոշտ, անզիջում քաղաքականությունն արդյունավետ է, ուստի չարժե հույս դնել այն ֆորմալ կանոնների վրա, որոնք կպաշտպանեն տարածքային ամբողջականությունը։
Դրա հետ մեկտեղ պետք է առանձին դիտարկել տարբեր իրավիճակները։ Մի բան է հարևանների միջև սահմանային վեճերը, որոնք լինում են նաև ոչ պատերազմական ժամանակահատվածում։ Նման ճշգրտումները հազվադեպ են լինում, երբեմն՝ խաղաղ ճանապարհով: Բոլորովին այլ է ուժի կիրառմամբ սահմանների վերանայումը։ Այստեղ միշտ պետք է գնահատել վտանգները, քանի որ դրանք կարող են ավելի մեծ լինել, քան ենթադրվող օգուտը։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նրա փաստարկը մնում է միջազգայնորեն ճանաչված սահմանների և տարածքային ամբողջականության սկզբունքը վկայակոչելը։ Սակայն միայն հռչակագրերը բավարար չեն. սահմանների պաշտպանության համար անհրաժեշտ է ռազմական ուժ, որը կարող է ամրապնդել այդ իրավունքները։
- Սիրիական իրադարձությունները շատերին ստիպում են մտածել` արդյոք Մոսկվան ի վիճակի՞ է պաշտպանել իր շահերն այլ տարածաշրջաններում, ինչպես նաև նրանց, ովքեր, ըստ էության, ՌԴ–ին հրավիրել են այդ տարածաշրջաններ: Ինչպե՞ս եք գնահատում նման դատողությունները, և արդյոք ռուսական «անվտանգային հովանոցը» պահանջվա՞ծ է Հայաստանի համար:
- Եթե խոսենք Հայաստանի մասին, ապա այդ հարցն ավելի շուտ արժե ուղղել Հայաստանի ղեկավարությանը։ Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից և գործողություններից՝ նրանց դիրքորոշումը բացասական է. Ռուսաստանը չի դիտարկվում որպես անվտանգության հուսալի երաշխավոր: Այս համատեքստում Հայաստանը շեշտը դնում է դիվերսիֆիկացիայի վրա։ Տրամաբանական հարց է առաջանում, թե որ ուղղությամբ դիվերսիֆիկացնել` հաշվի առնելով այլընտրանքների սահմանափակ լինելը։ Բայց և այնպես դա յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է:
Ինչ վերաբերում է սիրիական փորձին, ապա զուգահեռներ անցկացնելը կոռեկտ չէ։ Սկզբունքային տարբերություն կա՝ աջակցել մի երկրի, որը կա, գոյություն ունի, բայց նաև զգում է պաշտպանության կարիք, և աջակցել ռեժիմի, որը լիովին սպառել է իրեն (հիմա է դա պարզվում՝ ըստ ստացվող նորանոր տեղեկությունների): Սիրիայի դեպքում պարզվում է, որ այն համակարգը, որը ներկայացնում էր Ասադը, երկրում փաստացի կորցրել էր իր հենարանը. սիրիացիներից ոչ մեկը պատրաստ չէր պայքարել դրա համար: Այս տեսանկյունից Ասադի վարչակարգին աջակցելը ռացիոնալ չէր։
Այլ հարց է, թե արդյոք դա Մոսկվայի համար անակնկալ էր։ Բայց հիմա արդեն պարզ է` նման համակարգին պաշտպանելը չէր կարող հանգեցնել որևէ այլ բանի, բացի հետագա արյունահեղությունից և տառապանքներից: Այստեղ կա լիակատար կոնսենսուս. ոչ ոք չի համարում, որ Ասադի վարչակարգը դիմանալու հնարավորություն ուներ։
Ռուսական հովանոցն ու անվտանգության երաշխիքները կարող են բավականին արդյունավետ լինել։ Անհրաժեշտ է հստակ որոշել՝ ինչ պայմաններով է Ռուսաստանը ներգրավվում, ինչու է դա անում, կողմերից յուրաքանչյուրն ինչ պարտավորություններ է ստանձնում։
Երբ 2015-ին ռուս-իրանական միջամտությունը փրկեց սիրիական ռեժիմը, հասկանալի էր, թե ինչու է դա արվում։ Խնդիրն իհարկե ուժի և ազդեցության ինչ-որ վերացական ցուցադրումը չէր: Այն ժամանակ, այնուամենայնիվ, հիմնական սպառնալիքը «Իսլամական պետությունն» էր, և Դամասկոսի անկումը՝ ի շահ ԻՊ-ի, սարսափելի սպառնալիք կլիներ բոլորի համար։ Հենց դա էլ պայմանավորեց ռուսական միջամտությունը։ Այդ ժամանակ Ասադի համար պատրաստ էին կռվել շատ սիրիացիներ` չնայած նրա հանդեպ վերաբերմունքին, քանի որ այլընտրանքը, ի դեմս ԻՊ–ի, զգալիորեն ավելի վատն էր։
Սակայն իրավիճակը փոխվեց։ Այսօր Ասադի ռեժիմին աջակցելն այլևս արդարացված չէ։ Դա հաստատում է և՛ այն, որ Ռուսաստանը հրաժարվեց Ասադի իշխանությանն ակտիվ պաշտպանելուց, և՛ Իրանի կողմից հետաքրքրության թուլացումը, որի համար Ասադին պահպանելն ավելի կարևոր է, քան Մոսկվայի։ Այս ամենը ցույց է տալիս, որ, ցավոք, այն համակարգը, որը ներկայացնում էր Ասադը, լիովին սպառել է իրեն։
- Դուք հարց տվեցիք, թե որն է ռուսական անվտանգային հովանոցի այլընտրանքը Հայաստանի համար։ Առաջին հայացքից տարօրինակ հարց է։ Իսկ Թուրքիան կարո՞ղ է նման այլընտրանք դառնալ։
- Տեսականորեն, իհարկե, կարող է։ Եթե վերլուծենք Փաշինյանի հայտարարությունները, նա հետևողականորեն առաջ է տանում է այն գաղափարը, որ Հայաստանը պետք է հրաժարվի զոհի բարդույթից և դադարի պատմական իրադարձություններն ընթացիկ քաղաքականություն բերելուց։ Նա կոչ է անում տեսնել իրականությունը, գնահատել այսօրվա Հայաստանը և պետականություն կառուցել նոր պայմաններում:
Այս տրամաբանությունից ելնելով՝ խոսքն ազգային մոտեցման և ինքնության էական փոփոխությունների մասին է։ Եթե հասարակությունն աջակցի այս գաղափարին, իսկ հաշվի առնելով պատերազմից հետո կայացած ընտրությունների արդյունքներն ու այն փաստը, որ Փաշինյանը մնաց իշխանության ղեկին, նման աջակցություն կա, ապա ինչո՞ւ ոչ։ Այդ դեպքում Թուրքիան էլ կարող է դառնալ (անվտանգության երաշխավոր)։ Բացի այդ, եթե խոսենք Արևմուտքն ընտրելու և դեպի Եվրոպա շրջադարձ կատարելու մասին, որը քննարկում են Փաշինյանն ու նրա համախոհները, ապա միակ Եվրոպան, միակ Արևմուտքը, որ կա տարածաշրջանում և Հայաստանի շուրջ, Թուրքիան է։ Բայց կարելի՞ է արդյոք այդ «պատմական կանխատրամադրվածությունները» հաղթահարել, այդ հարցին ես պատասխանել չեմ կարող։
0Comments