Ոչ մի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լրագրողներին ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այսպես է պաշտոնյան պատասխանել այդ «միջանցքի» անհրաժեշտության մասին Բաքվից և Անկարայից չդադարող հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին։
«Մենք արդեն քանիցս կրկնել ենք, որ կան «կարմիր գծեր»։ Դա («Զանգեզուրի միջանցքը» - խմբ.)պարզապես անհնար է: Ես նույնիսկ չեմ ուզում դա քննարկել և մեկնաբանել։ Դա չի լինի, պարզապես չի լինի», - հավելել է նա։
Հայաստանն անխոնջ կերպով կրկնելու է, որ պատրաստ է և ցանկանում է ապաշրջափակել հաղորդակցությունները չափազանց պարզ և դոգմատիկ կանոններով՝ ինքնիշխանության և իր տարածքով անցնող երթուղիների նկատմամբ իրավազորության շրջանակներում։
Ադրբեջանը ապաշրջափակման շրջանակներում Հայաստանից փաստացի պահանջում է արտատարածքային միջանցք՝ Նախիջևան դուրս գալու համար։ Այդ պահանջներն ակտիվորեն աջակցում է Թուրքիան։
Ընդ որում, արդեն տևական ժամանակ է, որևէ առաջընթաց չկա տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի վերջին նիստը տեղի է ունեցել 2023 թվականի հունիսի 2-ին Ռուսաստանի մայրաքաղաքում։
0Comments