Շաքար պարունակող ըմպելիք արտադրողների արտահայտած մտահոգությունները, իրոք, տեղին են: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ վիճահարույց է նաեւ ակցիզային հարկը բարձրացնելու առողջապահական հիմնավորումը:
Նրա խոսքով, ստացվում է, որ մենք շաքարի փոխարեն շեշտը դնում ենք ըմպելիքի գազավորված լինելու վրա. «Կարող է շաքար պարունակող ավելի վնասակար խմիչքը դուրս մնալ ակցիզային հարկից, եւ գազավորվածը, միայն չափանիշ վերցնելով, մտնի ակցիզային հարկի տակ: Դա առողջապահական առումով հիմնավորում չունի»,- ասաց Թունյանը:
Նա ընդգծեց, որ շաքար պարունակող ըմպելիքների 1 լիտրի համար 30 դրամ ֆիքսված ակցիզային հարկ բացասաբար է ազդելու փոքր եւ միջին բիզնեսի վրա. «Ցածր գնային սեգմենտում աշխատողներն են դրանից ավելի շատ տուժելու: Տոկոսային հարաբերակցությամբ եթե նայենք, շուկայում խոշորները կարող են կլանել փոքրերին»:
Բաբկեն Թունյանը տեղեկացրեց, որ այս հարցով ԱԺ-ում քննարկումներ կանցկացվեն, բոլոր կողմերի տեսակետները հաշվի կառնվեն. «Երբ գա Ազգային ժողով, մեկամսյա ժամկետ ունենք այդ ամեն ինչը քննարկելու համար: Այն, ինչը ներկայացված էր իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում, եւ այն տարբերակում, որը կառավարությունը հաստատեց, որոշակի փոփոխություններ կան: Քանի որ փաստաթուղթը ծավալուն է, ամբողջությամբ չեմ հասցրել ծանոթանալ դրան»:
0Comments