Տարածաշրջանում առաջին կոկորդիլոսաբուծարանի ստեղծման աշխատանքներն Արարատի մարզի Դաշտավան համայնքում արդեն սկսվել են։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ծրագիրը լիովին իրատեսական է համարում։ 168.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ այս պահին ներդրողը հողն է ձեռք բերել, ծառատունկ է իրականացնում, իսկ գարնանն ավելի ակտիվ աշխատանքները կիրականացվեն։
«Տարածքը, որտեղ կոկորդիլոսներն են բուծվելու, լինելու է զբոսայգու պես, ընտանիքներով կարող են գնալ, երեխաները կոկորդիլոսներին տեսնեն, նույնիսկ, ինչպես ներդրողն է ներկայացրել, այդ մսից կարող են համտեսել, լինելու են արագ սննդի կետեր, ռեստորաններ, ատրակցիոններ»,- ասաց մարզպետը։
Նա նշեց, որ հստակ տեղեկություն չունի, թե կոկորդիլոսի ձվերը երբ են բերվելու։ Նրա խոսքով՝ դրանց հետ կապված մաքսայինում խնդիր կար, որ պետք է պարզվեր՝ դա թռչնի՞ ձու է, կաթնասունի՞, թե՞ ինչ։
Գ.Սարգսյանը նկատեց, որ կոկորդիլոսներն ինկուբատորում պետք է բուծեն, և շենքային պայմանները պետք է պատրաստ լինեն. «Հստակ ժամանկացույց այս պահին չունենք, թե երբ է առաջին կոկորդիլոսը ձվից դուրս գալու, երբ է արդեն պատրաստ լինելու սպանդանոց ուղարկելու համար»։
«Ներդրողը կաշվի մշակությամբ է զբաղվելու։ Այս կոկորդիլոսը բուծվում է, հասնում ինչ-որ տարիքի և մորթվում է կաշվի համար։ Կարևոր է, որ ոչ թե բնությունից ենք կոկորդիլոսին վերցնում, միսը կամ կաշին օգտագործում, այլ ներդրողը ձվերը դրսից է բերում ու այստեղ ինկուբատորում աճեցնում։ Ինչպես մեր թռչնաբուծարաններն են, կամ մեր խոզաբուծարաններն են, նման ձևով էլ կոկորդիլոսաբուծարան է լինելու»,- հավելեց Գ.Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ներդրողը Տանզանիայից է։ Ծրագրի ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են 2017թ. վերջին, հիմնվել է «Արմոն» ՍՊԸ-ն։ Վարձակալության է վերցվել 15 հա տարածք։ Առաջիկա 1 տարում 1.5 մլն դոլարի ներդրում կարվի, իսկ հետագա 5 տարում ներդրումների ծավալները կհասնեն 10 մլն դոլարի:
Կոկորդիլոսի բուծման համար ներկրվելու է նեղոսյան կոկորդիլոսի 100 ձու, նախատեսվում է դրանց թիվը հասցնել 1000-ի։ Կոկորդիլոսաբուծարանի արտադրանքը արտերկրում է սպառվելու։ Միսն ամբողջությամբ կարտահանվի հիմնականում Արևելյան Ասիայի երկրներ, իսկ կաշին՝ Եվրոպա։
0Comments