Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Բաղդադ՝ Իրաքի և Սիրիայի իր գործընկերների հետ եռակողմ հանդիպում անցկացնելու Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
Արաղչին Բաղդադ ժամանելիս հայտարարել է, որ Սիրիան փխրուն իրավիճակում է գտնվում, և շեշտել է տարածաշրջանային երկրների խորհրդակցությունների կարևորությունը։
«Այս քննարկումների արդյունքում նախաձեռնություններ կձևավորվեն», – ասել է Արաղչին լրագրողներին։
Հաղորդվում է, որ ըստ Իրաքի և Իրանի՝ Սիրիայում «ահաբեկչության տարածումը չի սահմանափակվի Սիրիայով, այլ կտարածվի հարևան երկրներում՝ էլ ավելի ապակայունացնելով տարածաշրջանը»։
Իրանի, Իրաքի և Սիրիայի արտգործնախարարներ Աբբաս Արաղչին, Ֆուադ Հուսեյնը և Բասսամ Սաբաքը հանդիպման ընթացքում նպատակ ունեն գնահատել Սիրիայում իրավիճակը և դրա ազդեցությունը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության վրա։
Օրակարգի հարցերից մեկը օտարերկրյա միջամտությունն է Սիրիայում՝ աջակցելու նախագահ Բաշար ալ Ասադի կառավարությանը գրոհայինների դեմ պայքարում։
«Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման գլխավորությամբ գրոհայինները նոյեմբերի 27-ից հարձակում են սկսել Սիրիայում՝ գրավելով Հալեպը և Համան։
0Comments