Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «1990-ականներին, երբ ես դպրոցական էի, ուսուցչի կերպարը դեռևս այնպիսին էր, որ մենք մտածում էինք՝ տեսնես հաց ուտո՞ւմ են նրանք..., կամ որ ուսուցիչները Աստծո կողմից հատուկ ընտրյալ մարդիկ են, որոնք նման չեն հասարակ մահկանացուներիս, քանի որ նրանք ուսուցիչ են, գիտելիք են տալիս։ |
Այսպիսի մտքերն ու պատկերացումները այսօրվա իրականության մեջ, իհարկե, ծիծաղելի են, բայց ուսուցչի վարքը և նրա նկատմամբ ձևավորված հարգանքը հենց այդպիսի պատկերացումների շնորհիվ է պահպանվում։
Դպրոցն ավարտելուց 20 տարի հետո էլ իմ ուսուցիչներին տեսնելիս ինքնաբերաբար զգաստանում եմ, և դա բնական է։
Այսօրվա իրականության մեջ, ցավոք, ջնջված են ուսուցչի և աշակերտի միջև սահմանները, աղավաղված են աշակերտի պատկերացումները ուսուցչի մասին։
Դրանում իրենց բացասական դերն ունեն ինչպես կրթական համակարգի այլասերումները, այնպես էլ մարդկանց միջև հարաբերությունները։
Շատ ուսուցիչներ աշակերտների հետ խոսում են լակոտական, փողոցային բառապաշարով՝ մտածելով, թե այդկերպ ավելի մոտ կլինեն աշակերտի հոգուն, այնինչ դրանով սպանում են աշակերտի հարգանքը ուսուցչի նկատմամբ։ Որոշ ուսուցիչներ էլ իրենց այնքան առաջադեմ են երևակայում, որ քիչ է մնում, ասենք, բարձր դասարանի աշակերտներին իրենց հետ «լևի» տանեն՝ այդ ոլորտում էլ նրանց աչքերը բացելու համար։ Այսինքն շատերը առաջադիմությունը շփոթում են անբարոյականության հետ։
Չմոռանանք նաև, որ հաճախ դպրոցը մի կերպ ավարտած ու անգրագետ լինելու համար առանց աշխատանքի մնացած շատերը կաշառքով դառնում են ուսուցիչ՝ անկարևոր համարելով երեխաների կրթությունը։
Էլ չասեմ սոցիալական ցանցերում բազմաթիվ ուսուցիչների հրապարակումները, երբ ոչ միայն անգրագետ են գրում, այլև տեղադրում են իրենց կիսամերկ, նեղանձնական նկարները, որոնք, բնականաբար, տեսնում են նաև աշակերտները։
Այս պայմաններում եթե գումարենք ընտանիքներում ուսուցիչների մասին խոսակցությունները, երբ ծնողները իրենց երեխաների ներկայությամբ քննարկում են ուսուցիչներին և նրանց մասին այնպիսի սուբյեկտիվ գնահատականներ տալիս, որոնք չեն կարող հարգանք առաջացնել աշակերտների մոտ ուսուցիչների նկատմամբ։
Կրթությունը միայն դասասենյակում չի։ Այն ամբողջական է, երբ ուսուցիչը իր վարքով էլ է արժեքների ուսուցիչ, և աշակերտն էլ հարգանքով է վերաբերվում իր ուսուցչին»:
Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
0Comments