Սա իրավաբանության խոշտանգում էր․ Ռոբերտ Քոչարյան

Մանրամասներ
քոչարյան

Սա իրավաբանության խոշտանգում էր։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Անդրադառնալով իրեն առաջադրված նոր մեղադրանքին՝ Քոչարյանն ասաց․ «Դուք այդ հեքիաթը լսե՞լ եք։ Ես նաուշնիկները դրա համար էի միացնում, որ այդ անհեթեթությունը չլսեմ։ Ասում են՝ ապօրինի հրամանագիր է եղել արտակարգ դրության մասին, ինչո՞ւմն է ապօրինությունը, այդ հրամանագիրը հաստատվել է ԱԺ–ի կողմից 24 ժամվա ընթացքում։ Եթե դատախազը մի քիչ իրավաբանությունից բան հասկանար, կբացեր Սահմանադրությունը, անցումային շրջանում գրված է՝ մինչև օրենքի ընդունումը հրամանգրով նախագահն իրավունք ունի մտցնել արտակարգ դրություն»,– ասաց նա։ 

Քոչարյանը, արձագանքելով ԼՂ-ից զորք բերելու մասին հարցին, ասաց, որ COVID-19-ի համավարակի ժամանակ, երբ արտակարգ դրություն էր հայտարարվել, ՊՆ Ռազմական ոստիկանությունը ներգրավվել է այդ ամենին։

Քոչարյանը հերքեց զինծառայողների կողմից կրակելը. «Բազմաթիվ տեսահոլովակներ են պտտվում, թե ոնց են ցուցարարների միջից նաև ավտոմատով կրակում դեպի ոստիկանական շարքերը»,– նշեց նա։

Եթե զինծառայողները չեն կրակել, ինչո՞ւ էին փոխում պարկուճները հարցին ի պատասխան՝ Քոչարյանն ասել է. «Ինձ հայտնի չէ այդ փաստը։ Պարկուճների փոխելն ընդհանրապես միֆոլոգիայի ժանրից է։ Եւ ինչ ասաց, ասաց հունիս-հուլիս ամսի մասին։ Ես ապրիլի 9-ից պաշտոնի չեմ եղել, բացարձակապես տեղյակ չեմ, թե ինչի մասին է խոսքը: Արտակարգ դրությունը մտցվել է երբ արդեն ունեցել ենք մոտ 20 վիրավոր ոստիկանական զորքերից, առաջին վիրավորները դեռ ցերեկն ենք ունեցել և մի քանի հրկիզված ոստիկանական մեքենա։ Արտակարգ դրություն մտցնելու հանգամանքը հիմնավորված էր ամբողջովին»։