Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028 թվականը. Կոբախիձե

Մանրամասներ
Իրակլի Կոբախիձե

Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ մինչև 2028 թվականը բանակցություններից, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, գրում է «Эхо Кавказа»-ն։

«Մենք որոշել ենք մինչև 2028 թվականի վերջը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չդնել։ Բացի դրանից, մինչև 2028 թվականի վերջ մենք հրաժարվում ենք Եվրամիության կողմից ցանկացած բյուջետային դրամաշնորհից»,- ճեպազրույցում նշել է Կոբախիձեն։

Ըստ նրա՝ Վրաստանի համար «բացարձակապես անընդունելի է Եվրամիությանն ինտեգրումը դիտարկել որպես Եվրամիության՝ մեզ տված ողորմություն»։

«Տեսնում ենք, որ եվրոպացի քաղաքական գործիչներն ու բյուրոկրատները տրամադրված դրամաշնորհներն ու վարկերը որպես շանտաժ Վրաստանի դեմ են օգտագործում»,-հավելել է նա։

Կոբախիձեն նշել է, 2028 թվականի վերջն այն օրն է, երբ Վրաստանը, առաջին հերթին, տնտեսապես, պատրաստ կլինի սկսել մինչև 2030 թվականը Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները։