ԱՄՆ-ն մեկնաբանել է Ռուսաստանի միջուկային նոր դոկտրինը

Մանրամասներ
ամն

ԱՄՆ վարչակազմը, «չնկատելով որևէ փոփոխություն միջուկային (զենքի) հարցում Ռուսաստանի դիրքորոշման մեջ, որևէ պատճառ չի տեսնում շտկելու ամերիկյան... դիրքորոշումն ու դոկտրինը (այս հարցում)՝ ի պատասխան Ռուսաստանի այսօրվա հայտարարությունների»: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

«Մեզ չզարմացրեց Ռուսաստանի հայտարարությունն այն մասին, որ նա կթարմացնի իր միջուկային դոկտրինը... Սա ավելի շատ նման է Ռուսաստանի նույն անպատասխանատու հռետորաբանությանը, որը մենք տեսել ենք վերջին երկու տարիների ընթացքում: Ինչպես Ռուսաստանին մի քանի շաբաթ առաջ ասացինք, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պայքարում Հյուսիսային Կորեայի զինվորների օգտագործումը Ուկրաինայի դեմ նրա պատերազմի զգալի էսկալացիա է, և մենք զգուշացրել ենք, որ Միացյալ Նահանգները կպատասխանի»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Պուտինը հրամանագիր է ստորագրել «Միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի Դաշնության պետական ​​քաղաքականության հիմունքները հաստատելու մասին», որը հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության պետական ​​կայքում և անմիջապես ուժի մեջ է մտել։

Մոսկվան այս քայլին դիմեց մի քանի օր անց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Սպիտակ տունը թույլ է տվել Ուկրաինային ամերիկյան արտադրության հրթիռներ արձակել ռուսական տարածքի խորքերը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի ներկայացուցիչը խոսել էր Կրեմլի որոշումների անպատասխանատվության մասին։