Ամերիկացի ձեռնարկատեր և Tesla-ի ղեկավար Իլոն Մասկի կարողությունն աճել է 26,5 մլրդ դոլարով այն բանից հետո, երբ ընկերության բաժնետոմսերը ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններին ֆոնին թանկացել են 15%-ով։ Այս մասին, Նյուզի փոխանցմամբ, վկայում են Bloomberg Billionaires Index-ի (BBI) տվյալները։
Չորեքշաբթի շուկայի արդյունքներով Tesla-ի բաժնետոմսերը թանկացել են 14,75%-ով, ինչի շնորհիվ էլ ավելացել է Մասկի կարողությունը։ 290 միլիարդ դոլար կարողությամբ նա դեռ զբաղեցնում է առաջին տեղը BBI-ի վարկանիշում։
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում, որոնք կայացել են նոյեմբերի 5-ին, հաղթել է հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որն ընտրություններից առաջ հայտարարել էր, որ եթե ընտրվի, ապա իր ամենամոտ կողմնակիցներին՝ միլիարդատեր Իլոն Մասկին և քաղաքական գործիչ Ռոբերտ Քենեդի կրտսերին, պաշտոններ կտա ապագա վարչակազմում։
Դոնալդ Թրամփի հաղթանակի մասին հայտարարվել է Վաշինգտոնի ժամանակով մոտ ժամը 02։00-ին։ Այնուհետև Ֆլորիդայում Թրամփը ելույթով դիմել է իր աջակիցներին, հայտարարել հաղթանակի մասին, նաև խոսել անելիքների մասին:
Ըստ Fox News-ի թարմացված կանխատեսման՝ Թրամփը ավելի է ընդլայնել իր առավելությունը գործող փոխնախագահ Կամալա Հարիսի նկատմամբ: Հեռուստաալիքի հաշվարկներով՝ հանրապետական թեկնածուն ստացել 295 ընտրիչի ձայն՝ ընդհանուր 538-ից։ Հարրիսն իր հերթին ստացել է 226 ձայն։ Թրամփը Հարսին գերազանցել է նաև հենց քաղաքացիների հաշվարկվով: Մասնավորապես, նա ստացել է ավելի քան 72,6 մլն ձայն, իսկ Հարիսը՝ մոտ 68 մլն քվե։
0Comments