ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր՝ հոկտեմբերի 16-ին, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, հիշեցրել է, որ Մոսկվան չի գործածում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։
Նման կերպ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պատասխանել է՝ «Զանգեզուրի միջանցքի ապագա ռեժիմի վերաբերյալ հայկական կողմի հակասական հայտարարությունների շուրջ» ադրբեջանցի լրագրողի հնչեցրած հարցին:
Բացի դրանից, ադրբեջանցի լրագրողը, անհասկանալի պատճառով, այդ հարցը կապել է հայ-իրանական սահմանային անցակետի անվտանգությունը ռուս սահմանապահների կողմից հայկական կողմին փոխանցելու հետ։
«Գիտեք, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել և ևս մեկ անգամ հիշեցնել, որ մենք ուղղակիորեն չենք գործածում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը, որի մասին խոսում եք։ Մենք չենք կիրառում այդ տերմինաբանությունը։ Հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահների առկայության հարցը բոլորովին այլ թեմա է։ Ինչ վերաբերում է ռուսական դիրքորոշմանը հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայով, մենք արդեն մեկնաբանել ենք դա, և ինձ թվում է՝ դուք լավ գիտեք մեր դիրքորոշումը, իսկ այն չի փոխվել։ Այն լուծվում է համապատասխան ձևաչափերով։ Մենք դրա համար ինչ անում ենք հնարավորը»,- պատասխանել է Մարիա Զախարովան։
0Comments