«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ԱԺ-ում է։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այն կներկայացնի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որը կկայանա հոկտեմբերի 21-ին։
«Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը ստորագրվել է 2024 թ. օգոստոսի 30-ին, հայաստանյան կողմից՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից: Ըստ կանոնակարգի՝ հանձնաժողովները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով, եւ դրանով սահմանված հիմնարար սկզբունքի համապատասխան՝ սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում նախնական համաձայնեցրել են սահմանագծի համապատասխան հատվածների անցումը՝ Խորհրդային միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Կանոնակարգը, հոկտեմբերի 21-ին հանձնաժողովում դրական եզրակացություն ստանալուց հետո, պետք է նաեւ քննարկվի ԱԺ լիագումար նիստի ընթացքում։
«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից եւ չի ստորագրում Հայաստանի համար վճռորոշ իրավական որեւէ փաստաթուղթ: Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, եւ դրա փոխարեն փաստաթուղթը էլեկտրոնային ստորագրությամբ է ուղարկվել ՍԴ, ընդ որում՝ բացակայում է ձեւը, նմուշը եւ համարը»։
0Comments