Ավստրալիայում ուժի մեջ է մտել «կապի դուրս չգալու իրավունք» սահմանող օրենք, որն աշխատակիցներին թույլ է տալիս չպատասխանել գործատուների զանգերին և չկարդալ նրանց հաղորդագրություններն աշխատանքային օրվա ավարտից հետո։ Այս մասին, Առաջին լրատվականի փոխանցմամբ, հաղորդում է BBC-ն։
Նոր օրենքն աշխատակիցներին թույլ է տալիս ցանկության դեպքում աշխատանքային ժամերից հետո չհաղորդակցվել գործատուի հետ՝ առանց վախենալու, որ դրա համար իրենց կպատժեն:
2023 թվականին հրապարակված ուսումնասիրության արդյունքներով՝ ավստրալացիները տարեկան միջինը 281 ժամ կատարել են չվճարվող արտաժամյա աշխատանք։
Ավելի քան 20 երկրներ, հիմնականում Եվրոպայում և Լատինական Ամերիկայում, ունեն նմանատիպ կանոններ։
Օրենքը գործատուներին չի արգելում աշխատանքային ժամերից հետո կապ հաստատել աշխատողների հետ: Փոխարենը, այն աշխատակիցներին իրավունք է տալիս չպատասխանել, եթե նրանց մերժումն անհիմն չի համարվում:
Կանոնների համաձայն՝ գործատուներն ու աշխատակիցները պետք է փորձեն լուծել վեճերը միմյանց միջև։ Եթե դա չի հաջողվում, ապա հարցին միջամտում է Ավստրալիայի Արդար աշխատանքի հանձնաժողովը, որը կարող է գործատուին կարգադրել դադարեցնել կապը աշխատակցի հետ աշխատանքային ժամերից հետո:
Եթե հանձնաժողովը համարում է, որ աշխատողի մերժումն անհիմն է, նրան կարող են կարգադրել պատասխանել գործատուի զանգերին և հաղորդագրություններին:
Արդար աշխատանքի հանձնաժողովի կարգադրությունները չկատարելը կարող է հանգեցնել տունգանքների. աշխատակցի համար՝ մինչև 19 000 ավստրալական դոլարի (12 897 ԱՄՆ դոլար) չափով, ընկերության համար՝ 94 000 ավստրալական դոլարի (63 000 ԱՄՆ դոլար) չափով:
Աշխատողներին ներկայացնող կազմակերպությունները ողջունել են այդ քայլը:
0Comments