Եվրոպական խորհուրդը հաստատել է Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Մանրամասներ
եմ

Եվրոպական խորհրդի որոշմամբ Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում՝ փոխարինելով Տոյվո Կլաարին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Եվրոպական խորհրդի տարածած մամլո հաղորդագրության մեջ։

Մագդալենա Գրոնոն իր պարտականություններին կանցնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 12 ամիս սկզբնական ժամկետով:

«Որպես նոր հատուկ ներկայացուցիչ՝ Գրոնոն կշարունակի իր նախորդների աշխատանքը՝ նպաստելով տարածաշրջանում Եվրոպական միության արտաքին քաղաքականության նպատակների իրականացմանը։ Նա կնպաստի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, ներառյալ Վրաստանի ճգնաժամը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ սերտ համակարգմամբ։

Նա կաշխատի տարածաշրջանի հետ կապված հիմնական շահագրգիռ դերակատարների հետ և կզարգացնի կապերը կառավարությունների, խորհրդարանների, քաղաքական այլ կարևոր դերակատարների և քաղաքացիական հասարակության հետ՝ խրախուսելով և աջակցելով տարածաշրջանային ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ համագործակցությանը», - նշված է հաղորդագրության մեջ: