Հայաստանի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը կվավերացվի խորհրդարանի առաջիկա նիստերի ժամանակ: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նախարարը նկատեց, որ սա կլինի Հայաստանի եւ Իրանի միջեւ առաջին առեւտրային համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո:
«Սա մեզ հնարավորություն կտա նվազագույն սահմանափակումներով եւ դժվարություններով իրանական շուկա արտահանել այն ամենը, ինչ արտադրված է Հայաստանում: Սա նաեւ հիանալի հնարավորություն է մեր առեւտուրն ընդլայնելու համար», - ընդգծեց խաչատրյանը:
Նախարարը, ճիշտ է նկատեց, որ մաքսատուրքերը ոչ բոլոր դեպքերում կչեղարկվեն եւ հենց այդ պատճառով տվյալ համաձայնագիրը համարվում է անցումային: Հարցին՝ չեն խանգարի արդյոք Իրանի դեմ պատժամիջոցները տվյալ համաձայնագրի լիարժեք իրականացմանը՝ նախարարը նշեց, որ պատժամիջոցները, իհարկե, իրենց բացասական ազդեցությունը կունենան, սակայն նա հիշեցրեց, որ դրանք ժամանակավոր են, իսկ համաձայնագիրը երկարաժամկետ բնույթ ունի:
Խաչատրյանը հավելեց, որ ԵՏՄ երկրներից համաձայնագիրն արդեն վավերացրել են Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղրղզստանը:
0Comments