«Խուժանություն է»՝ երկու երկիր փորձում են իրենց միջև ուղիղ կապ ստեղծելու համար ուրիշ երկրից տարածք վերցնել. Պետրոսյան

Մանրամասներ
միջանցք քարտեզ

Վերջին շրջանում ԱՄՆ-ն, Չինաստանը և ԵՄ-ն նույնպես Զանգեզուրի միջանցքի խնդրի շուրջ հետաքրքրություն են դրսևորում: Այս նկատվող ակտիվության ֆոնին Թուրքիան և Ադրբեջանը ուզում են դրդել Հայաստանին, ասում են՝ արագացրե՛ք, տվե՛ք միջանցքը, այլապես մենք այլ եղանակով կլուծեն հարցը, և դուք կրկին դուրս կմնաք  բոլոր գլոբալ ենթակառուցվածքային ծրագրերից: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պողոսյանը:

«Իմ կարծիքով այդ շրջանում ենք հիմա գտնվում, և Թուրքական կողմը հերթական անգամ ՝ ի աջակցություն Ադրբեջանի, որպես բաց նախապայման դնում է Զանգեզուրի միջանցքի բացման խնդիրը»,-հավելեց նա:

Հարցին, թե ո՞րն է Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում, ի պատասխան Արմեն Պետրոսյանն ասաց.

«ՀՀ իշխանությունները բազմիցս նշել են, որ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքը բացառված է: Անցման սկզբունքների թուլացման հետ կապված հնարավոր են բանակցություններ, բայց արտատարածաշրջանայինության սկզբունքը բացառված է: Սա ՀՀ տարածքն է, և տարածաշրջանային «խուժանություն է», երբ երկու երկիր փորձում են իրենց միջև ուղիղ կապ ստեղծելու համար ուրիշ երկրից տարածք վերցնելը: Պետք է հարգեն ՀՀ տարածքային ամբողջականությունը»:

Հարցին, թե արդյոք արևմուտքը չի՞ աջակցում այդ երկու երկրներին, Արմեն Պետրոսյանը պատասխանեց.

«Ես չեմ տեսել, որ Արևմուտքը աջակցի այդ հարցում, նրանք ասում են՝ այո, լավ կլինի, որ այդ կոմունիկացիաները ստեղծվեն: Արևմուքի շահը մի փոքր այլ է: Արևմուտքի համար կարևորը հենց այդ միջին միջանցքի ճանապարհն է, որը, ըստ էության, դառնալու է այլընտրանք Ռուսաստանի տարածքին, որովհետև վաղը կամ մյուս օրը ուկրաինական հակամարտությունը կարող է դադարեցվել, և արևմուտքի համար շատ կարևոր է, որ այդ դադարից հետո հոսքերի հիմնական ծավալը չվերադառնա Ռուսաստան: Անկախ նրանից, թե ինչպես կավարտվի ուկրաինական հակամարտությունը, Ռուսաստանը նրանց համար մնալու է առնվազն մրցակից: Իսկ նրանք այս 2.5 տարիների ընթացքում ենթակառուցվածքների առումով էականորեն թուլացրել են Ռուսաստանը: Հիմա նրանց պետք է, որ այդ ճանապարհներն այլևս Ռուսաստանով չանցնեն»:

Փորձագետի խոսքով, բացի այդ, միջին միջանցքը ներառում է հետխորհրդային տարածքի մի շարք երկրներ, այդ դեպքում այս երկրներն էլ են դուրս գալիս Ռուսաստանի ազդեցությունից:

«Իսկ արևմուտքը սրա վրա է աշխատում, և երկու կարևոր պայմանի՝ առաջինը, որ այն որևէ կերպ Իրանի տարածքով չպետք է անցնի, և այդ պետությունների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը որևէ կերպ չխախտվի»: