Փաշինյանը ցայտնոտի մեջ է

Մանրամասները՝ տեսանյութում
նիկոլ

Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջն ադրբեջանական կողմից հնչեցվում է՝ Փաշինյանի համար ներքին սպառման «հաղթանակ» ապահովելու նպատակով:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով ադրբեջանական կողմից Հայաստանին պարտադրվող հերթական պահանջին՝ Սահմանադրության փոփոխության հարցին, նման տեսակետ հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ շեշտելով.

«Կարծում եմ՝ Հայաստանին պարտադրվող Սահմանադրության փոփոխության պահանջը, ի վերջո, լինելու է Փաշինյանի ներքին սպառման համար ներկայացվող «հաղթանակ»։ Տիգրանաշենը տալու է, Սյունիքում, Գեղարքունիքում ադրբեջանական զորքը հետ չի քաշվելու, նույնը չի անելու նաև Ջերմուկում, բայց Փաշինյանը տարածքները տալուց հետո հերոսական դեմքով դուրս է գալու և ասի՝ Սահմանադրությունը պահեցի։ Իրենք ցայտնոտի մեջ են. փորձում են գտնել տարբերակներ հանրաքվեից խուսափելու համար, որովհետև այն իր մեջ որոշակի ռիսկեր պարունակող գործընթաց է»,- ասաց Մամիջանյանը՝ ընդգծելով, թե չի կասկածում, որ, օրինակ, Տիգրանաշենի պարագայում մի տեղից մի քարտեզ կհանեն ու կհրամցնեն հանրությանը, որովհետև Ադրբեջանին բազմաթիվ զիջումներ արածն ինչ-որ տեղում պետք է, իբր թե, հաղթանակ ցույց տա և դա կանի՝ հայտարարելով, թե Ալիևի պահանջով Սահմանադրություն չփոխեց։

Մամիջանյանը վստահեցրեց՝ «Խաղաղության պայմանագիր» կոչվածի կնքումով անգամ խաղաղություն չի լինելու, ավելին՝ դա Արցախից հրաժարման վերջին արարն է լինելու, որից հետո դրվելու է Մինսկի խմբի լուծարման հարցը։

«Արցախի բանակցային խնդրով զբաղվող միակ միջազգային լեգիտիմություն ունեցող կառույցն իրենք պատրաստվում են փակել»,- ասաց Մամիջանյանը՝ ի պատասխան իշխանության այն պնդումների, թե Արցախի մասին խոսելը համարժեք է պատերազմի, ապա հակադարձեց.

«Եթե Փաշինյանը նոր է դառնում դիկտատոր՝ կիսաարյունարբու, Ադրբեջանում վաղուց հաստատված դիկտատուրա է, և, երբ Ալիևն ունենա ներքին խնդիրներ, որոնք հիմա էլ կան, երբ հերթական անգամ վարկանիշ փրկելու խնդիր ունենա, հո Իրանի ուղղությամբ չի՞ հաղթանակ ցույց տալու, հո չի՞ հարձակվելու Իրանի վրա, ակնհայտ է, չէ՞, որ հարձակվելու է Հայաստանի վրա, հետևապես՝ հարց՝ ինչի՞ վրա է ՀՀ այս իշխանությունը հույսը դրել»,- հարցրեց Մամիջանյանը՝ ընդգծելով՝ եթե հույսը Տավուշի մարզում տեղադրված սյուներն են, ապա ոչ. միջազգային փաստաթղթերը չեն կրակում։

«Միջազգային պայմանագիրն ու իրենց տեղադրած սյուները չեն կրակում. փաստաթուղթը ՀՕՊ համակարգ չի, դրանով Բայրաքթարից չես կարող պաշտպանվել։ Բացի այդ՝ աշխարհում տեղի ունեցած ագրեսիաների և ռազմական կոնֆլիկտների մեծամասնությունը տեղի է ունեցել սահմանագծված և սահմանազատված սահմանների պայմաններում»,- ասաց Մամիջանյանը, իսկ հարցին՝ այդ դեպքում ի՞նչ անի հիմա Փաշինյանը, արձագանքեց.

«Հրաժարական թող տա՝ հետը վերցնի բոլոր անգրագետներին, որոնք տարբեր ոլորտներ են վարի տալիս՝ արտաքին քաղաքականությունից մինչև բանակաշինություն»,- ասաց Մամիջանյանը՝ ընդգծելով՝ Փաշինյանի հրաժարական չտալու պատճառներից մեկը տրված խոստումներն են, այդ թվում և՝ ստորագրած նոյեմբերի 9-ի 9-րդ կետի հետ կապված, ինչը տարընթեցումների տեղիք է տվել Հայաստանից միջանցք պահանջելու համատեքստում։

Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ՝ այո՛, հասկանում է, որ Հայաստանի վարչապետի աթոռին նստած է գցող, գործ սարքող ծախու լրագրող, բայց Սյունիքով ճանապարհ տալու հարցում միջանցքային տրամաբանության վերաբերյալ տարընթերցումների տեղիք չտալու համար, գոնե պարտավոր էր իր կողքին ունենալ խորհրդատուներ, որոնք կհուշեին չստորագրել մի փաստաթուղթ, ինչից հետո արևմտյան դերակատարները կհետաքրքրվեն միջանցքային տրամաբանությամբ։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.