ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը այսօր՝ փետրվարի 26-ին, մասնակցել է ՀՀ վերաքննիչ քրեական և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանների հիմնադրման 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախարարը շնորհավորել է դատական իշխանությանը հոբելյանի առիթով և նշել, որ Հայաստանի Հանրապետության զարգացման ներկայիս փուլի լրջագույն մարտահրավերներից մեկը դատական համակարգի կայացումն է, որի անբաժան մասն է կազմում դատարանների ու արդարադատության նկատմամբ հանրային վստահության բարձրացումը: «Դատական համակարգի կայացումը մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն ու պարտավորությունն է: Նախարարից ու դատավորից, քննչական մարմիններից ու դատախազությունից, փաստաբանությունից ու դատավարության կողմերից՝ մինչև մեր երկրի ամենահեռավոր վայրում բնակվող քաղաքացին այս գործընթացի կրողն ու շահառուն է: Եվ սա այն կարևոր բանաձևն է, որով պետք է առաջնորդվել դատաիրավական բարեփոխումների գործընթացում»,- ասել է նախարարը և հավելել, որ արդարադատությունը ժողովրդաիշխանության իրականացման ձև է, և յուրաքանչյուր գործով դատարանն իր իշխանությունը ստանում է պետությունում իշխանության կրողից՝ ժողովրդից և սրանից պետք է բխի դատական ակտը: Նախարար Զեյնալյանի խոսքով՝ ասածն առաջին հայացքից ձևական թվացող, սակայն բովանդակային առումով իմաստային լուրջ բեռ կրող փոփոխության մեջ է: «Անձամբ իմ և պատգամավորական «ԵԼՔ» խմբակցության նախաձեռնած փոփոխությունների արդյունքում «Դատական» և «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքերում ամրագրվել է՝ դատական ակտերը կայացվում են ո՛չ թե «Հանուն Հայաստանի Հանրապետության», այլ՝ «Հայաստանի Հանրապետության անունից» և հարկ է, որ այլևս վճիռներն ու դատավճիռները հենց այս ձևակերպմամբ ու ուղերձով սկսվեն»,- նշել է նախարարը:
0Comments