Խաղաղական ժամերգություն

Մանրամասներ
հավատ

Խաղաղական ժամերգության կարգը կատարվում է «Ի դէմս Հոգւոյն Աստուծոյ, այլ եւ ի դէմս Բանին Աստուծոյ, որ եդաւ ի գերեզմանի, եւ էջ ի դժոխս, եւ խաղաղութիւն արար հոգւոցն» (Ի դէմս Սուրբ Հոգի Աստուծո և ի դէմս Որդի Աստուծո, որ դրվեց գերեզման և իջավ դժոխք ու խաղաղեցրեց հոգիներին): Տնօրինական խորհուրդը Հիսուսի թաղումն է. Քրիստոս, դժոխք իջնելով, ազատեց և խաղաղեցրեց արդարների հոգիները: Այդ պատճառով էլ ժամերգությունը կոչվեց Խաղաղական: Խաղաղական է կոչվում նաև նրա համար, որ մենք ցերեկվա աշխատանքից հասնելով գիշերը, խաղաղություն և հանգիստ ենք տալիս մեր անձին: Խնդրում ենք Աստծուց խաղաղություն, որպեսզի հանդարտ պահի մեր հոգիներն ու միտքը և անխռով խաղաղությամբ անցկացնենք գիշերը, որպեսզի այս անցավոր կյանքից հետո, արժանի լինենք հավիտենական խաղաղությանը:

Խաղաղական ժամերգությունը հաջորդում է Երեկոյան ժամերգությանը և կատարվում է արեգակի մայր մտնելուց հետո: Այս ժամին օրհնում ենք Աստծուն, որովհետև այս ժամին Քրիստոս աղոթեց Գեթսեմանի պարտեզում, և Նրանից արյան քրտինք հեղվեց, այս ժամին դրվեց գերեզման, ու այս նույն ժամին՝ հարությունից հետո, անցնելով փակ դռների միջով՝ եկավ աշակերտների մոտ ու նրանց ողջույն տվեց:

Խաղաղական ժամերգությունը սովորաբար կատարվում է Մեծ Պահքի շրջանում, հատկապես չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Այդ օրերին կատարվող Հսկման արարողությունը միացումն է Խաղաղական և Հանգստյան ժամերգությունների:

Խաղաղական ժամերգության կորիզն է «Օրհնեցից զՏէր» սաղմոսը: Սաղմոսը բաղկացած է ութ տներից: Ժամերգությունն սկսվում է «Տերունական աղոթք»-ով և ապա՝ «Տէր Աստուած փրկութեան իմոյ…» երկու տուն սաղմոսով: Որին հաջորդում է «Ի կարդալ իմում» (Սաղմոս Դ 4) փոխը՝ կազմված յոթ սաղմոսներից՝ «Ի կարդալ իմում» (4:1-8), «Տէր մի սրտմտութեամբ» (6:1-11), «Մինչև յե՞րբ» (12:1-6), «Պահեա զիս» (15:1-11), «Լուր Տէր» (16:1-15), «Դատ արա ինձ Աստուած» (42:1-5), «Աստուած յօգնել ինձ…» (69:1-6) և երկու տուն հավելված՝ «Տուր զօրութիւն» (Սաղմոս 85:16-17): Ապա դպիրները սկսում են երգել Սբ. Ներսես Շնորհալու հեղինակած «Շնորհեա մեզ Տէր» հոգևոր երգը, որով հավատացյալները Աստծուց խնդրում են, որ երեկոյան և գիշերային պահերին իրենց խաղաղություն պարգևի, փորձություններից, տեսանելի և անտեսանելի թշնամիներից ազատի և խաչի զորությամբ իրենց պաշտպանի: Այս երգի առաջին տները քաղված են սաղմոսներից, իսկ «Ընդ մեզ Տէր Աստուած»-ին հաջորդող մասը ներշնչված է Եսայի մարգարեի 8-րդ և 9-րդ գլուխներից: Այս պատճառով, այս երգը Ստեփանոս Սյունեցու կողմից կոչվել է «Եսայեայ բանագործութիւն»:

«Շնորհեա մեզ Տէր» երգն երգվել է Սևանա կղզու վանքի միաբանների կողմից: Պատմությունից հայտնի է, որ երբ մի անգամ ավազակները կամենում էին կողոպտել Սևանի վանքը և խաբեությամբ ներս մտան այնտեղ արկղների մեջ փակված, իբրև առևտրի ապրանք, հանկարծ հրաշալի կերպով հայտնվեց այդ և Սևանի սուրբ հայրերը երգեցին «Շնորհեա մեզ Տէր» խորհրդավոր երգը, իսկ արկղները պահված մարդկանցով գլորեցին ծովը: Եվ իբրև հիշատակ այդ մեծ հրաշքի և ի խորհուրդ հոգիների ազատության դժոխքից, այս երգը մինչև այժմ երգում ենք:

«Շնորհեա մեզ Տէր» երգին հաջորդում է «Ի մերձենալ երեկոյիս» մաղթանքը, «Գոհացարուք զՏեառնէ» քարոզը և «Տէր բարերար» աղոթքը: Մաղթանքով հորդորվում է հավատացյալներին, որ իրենց ձեռքերը վեր բարձրացնելով, այսինքն՝ միտքը Աստծուն ուղղելով, սրբությամբ աղոթեն, զղջան այն բոլոր մեղքերի համար, որ գործել են մտքով, խոսքով կամ գործով, խոստովանեն իրենց սրտի գաղտնիքները ծածկագետ Աստծուն՝ հույս ունենալով Նրա ողորմությանը: «Գոհացարուք զՏեառնէ» քարոզով գոհություն ենք հայտնում Աստծուն, որ առաջնորդելով ցերեկը, մեզ հասցրեց գիշերվա հանգստին:

Աղոթքին հաջորդում է փոխ՝ «Տէր լոյս իմ և կեանք իմ» (Սաղմոս 26:1), ապա՝ Սբ. Ներսես Շնորհալու «Նայեաց սիրով» երգը: Երգը բաղկացած է տասներկու տներից: Տասը տների առաջին տառերը միացնելով ստացվում է «Ներսեսի երգ»: Վերջին երկու տները հավելված են, վերցված են շարակնոցից և նվիրված Սբ. Խաչին («Հալածեա ի մէնջ») և Սբ. Աստվածածնին («Բարեխoսեա վասն մեր Աստուածածնի»): Երգի բոլոր տասը տներում Շնորհալին հայցում է խաղաղությամբ և անվրդով անցկացնելու գիշերային հանգիստը: Երգից հետո ասվում է «Տէր մի դարձուցաներ զերեսս քո յինէն» մաղթանքը, «Աղաչեսցուք» քարոզը, «Շնորհատու բարեաց» աղոթքը: «Երանեալ են անբիծք» սաղմոսի (118) արտասանությամբ սկսվում է «Ի Քէն հայցեմք» շարականի երգեցողությունը: Երգը բաղկացած է վեց տներից, առաջին երեք տների հեղինակը Սբ. Ներսես Շնորհալին է, իսկ մնացած երեքը վերցված է Խաչի (Զկենդանագիր), Հարության (Հաղորդս արա) և Աստվածածնի (Ի նստել քո) շարականներից:

Խաղաղական ժամը փակվում է «Հոգւոցն հանգուցելոց» մաղթանքով, «Վասն հանգուցեալ» քարոզով և «Քրիստոս Որդի Աստուծոյ» աղոթքով: Մեծ պահքի ընթացքում ժամերգության փակումից առաջ մեղեդի է երգվում:

surbzoravor.am