«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր գրասենյակ է բացելու շատ շուտով։ Մենք դեռ ամիսներ առաջ գրել էինք, որ Սայաթ Նովա փողոցից ՔՊ-ն ավելի լավ տեղ է տեղափոխվում` Հանրապետության փողոցի` Տիգրան Մեծ պողոտային հարող տարածքը, «Եւրոպա» հյուրանոցի դիմաց, որտեղ ժամանակին ԲՀԿ-ն գրասենյակ ուներ, գրում է «Հրապարակ»-ը:
Այս շենքում է տեղակայված նաեւ «Ազգ» օրաթերթը: Ուշագրավ է, որ ՔՊ-ն այստեղ անմիջականորեն դառնալու է Հանրապետական կուսակցության եւ Դաշնակցության հարեւանը` այս երկու կուսակցությունների գրասենյակները տառացիորեն 10-20 մետր հեռավորության վրա են: Նույն փողոցի վրա` քիչ վերեւում, շենքի երրորդ հարկում նաեւ Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանության» գրասենյակն է: Այսինքն, այս հատվածում կուսակցական գրասենյակները շատ են ու քիչ չեն:
ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանին մի քանի հարց տվեցինք։
- ՔՊ-ն գրասենյակի վայրը միտումնավո՞ր է ընտրել, կարողանալու՞ եք «հարեւանություն» անել, երբ բացվի գրասենյակը։
-Դա կապիտուլյանտ իշխանությունների ոչ թե կենտրոնական գրասենյակն է լինելու, այլ, ըստ երևույթին, ժողովրդից գողացված գումարներով, կամ արտաքին պարտքի մեծացման ու ինչ-որ ատկատի հաշվին` հերթականներից մեկը:
-Բայց այս հարեւանությունը կարո՞ղ է ճնշել, կաշկանդել ՀՀԿ-ականներին։
-ՀՀԿ-ին որևէ հանգամանք չի կարող կաշկանդել, քանզի ՀՀԿ-ն, որպես անկախ Հայաստանի առաջին կուսակցություն` այնպիսի ղեկավարներ է ունեցել, ինչպիսիք եք Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը, իսկ այսօր Սերժ Սարգսյանը: Մի պահ բարձրաձայն տվեք այս անուն- ազգանունները, ու կողքին ավելացրեք կաշկանդվել բառը, աբսուրդ է չէ՞: Էլ չեմ ասում, որ 2018 թ. այդքան մեծ էֆորիայից հետո մեր թիմը կանգուն մնաց, ու եկեք չմոռանանք, որ այս 6 տարիների ընթացքում, ինչպես նաև այսօր, ՀՀԿ-ին փորձում են լռեցնել շինծու քրեական գործերով ու հետապնդումներով, բայց մենք չենք կաշկանդվում ու չենք ճնշվում, որովհետև մեր պայքարն արդար է, ու վստահ եմ, որ հանուն մեր ժողովրդի, հանուն մեր պետության, հանուն մեր նահատակների ու հանուն գալիք սերունդների ինքնամաքրված ՀՀԿ-ն հաղթանակած է դուրս գալու: Հիշեցնեմ, որ ամենասկզբից ՀՀԿ-ն միակ քաղաքական թիմն է եղել, որ սկսել է պայքարել այսօրվա կառավարիչների դեմ:
-Ի՞նչ զգացողություն կարող է ունենալ ՀՀԿ-ականը, երբ ամեն օր փողոցում բախվի ՔՊ-ական որեւէ գործչի հետ։
-Մեր զգացողությունների մասով` զզվանք, ատելություն, արդարության հասնելու նկրտում: Անկեղծ ասած, ձեր հարցն ինձ ոչ միայն զարմացրեց, այլև ֆանտաստիկայի ժանրից է կարծել, թե մենք պետք է վախենանք, բայց ամեն դեպքում պատասխանելով` հավելեմ, որ այդ իրենք պետք է մտածեն, որովհետև իրենց մոտ վախ է նկատվում ու ճիշտ են անում, որ վախենում են: Որպես շարքային ՀՀԿ-ական պետք է փաստեմ, որ մենք չենք վախենում ՔՊ-ականներից: Ինչպե՞ս կարող է իր երկրի համար պայքարողը վախենալ այդ դավաճան, հողատու, կապիտուլյանտ, ներողություն բառիս համար, շայկայից: Մենք ավելի շուտ «վախենում ենք», որ այս քաղաքական շառլատանների ու օտարի, թշնամու շահը սպասարկողների պատճառով կարող է պետություն չունենանք, ինչը, իհարկե, մենք կփորձենք թույլ չտալ ու վստահ եմ, որ մեր հայրենակիցների հետ միասին մի օր կգոռանք. կեցցե առանց դրանց Հայաստանը: Գրասենյակի բացումը որևէ կերպ չի կարող ազդել ՀՀԿ-ի աշխատանքների վրա, ինչպես ներսում, այդպես էլ դրսում: Մենք ամեն ինչ արել ու անելու ենք մեր պետության վաղվա օրվա համար, իսկ այդ ճանապարհին հայտնված խնդրին, որի անունն է Նիկոլ ու ՔՊ, ուղարկելու ենք գրողի ծոցը, քանզի մենք` ի շահ Հայաստանի պատրաստ ենք ամեն ինչի ու ցանկացած զարգացման:
0Comments