Ոմանք զարգացնում են այն թեզը, որ Սահմանադրության փոփոխությունն արվում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Այս մասին փետրվարի 7-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նրա խոսքով, եթե անգամ նման խնդիրներ կան, դրանք արդեն լուծված են։
«Ի վերջո, խաղաղության պայմանագրի տեքստում կա համաձայնեցված հոդված, որտեղ հստակ ասվում է, որ կողմերը չեն կարող այս պայմանագրով իրենց պարտավորություններից որևէ մեկը չկատարելու համար հղում անել սեփական օրենսդրությանը», - ասել է Փաշինյանը։
Վարչապետը նաեւ նշել է, որ Սահմանադրությունն առաջին հերթին նպատակ ունի կազմակերպել ներքին կյանքը։ Սակայն ցանկացած երկրի Սահմանադրությունը կարգավորում է նաեւ արտաքին հարաբերությունները։
«Հայաստանի գործող Սահմանադրությունը նույնպես նման դրույթներ է պարունակում։ Ցանկացած Սահմանադրություն ունի նաև արտաքին ազդեցություն։ Սակայն այնտեղ կապերը բոլորովին այլ կերպ են աշխատում»,- ընդգծել է կառավարության ղեկավարը։
Նրա կարծիքով, Հայաստանը պետք է մտածի նոր պայմաններում արտաքին աշխարհի հետ իր հարաբերությունների մասին։
«Աշխարհում ոչինչ չի մնում այն տեսքով, ինչ եղել է գործող Սահմանադրության ընդունման ժամանակ: Ոչ մի արտաքին հարաբերություն նույնը չի մնացել»,- նշել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով, Հայաստանի՝ մինչ այժմ ընդունված սահմանադրություններից ոչ մեկը չի ընդունվել ժողովրդի ազատ կամքով. «Էլիտան միշտ թելադրել է, թե ինչպես ապրել։ Ամենակարևոր խնդիրներից մեկն արտաքին միջավայրում ավելի կայուն և անվտանգ դառնալն է»,- համոզված է կառավարության ղեկավարը։
0Comments