Քոչարյանն իր գործունեության ընթացքում նաև շատ դրական գործեր է ունեցել. Վանեցյան

Սեդրակ Քոչարյանը կարող է դատի տալ եւ դատարանը կորոշի՝ մեղավոր ենք, թե մեղավոր չենք

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադարձավ Սեդրակ Քոչարյանի կողմից իրեն դատի տալուն՝ նշելով, որ դատի տալը ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է:

«Իհարկե, Սեդրակ Քոչարյանը կարող է դատի տալ եւ դատարանը կորոշի՝ մեղավոր ենք, թե մեղավոր չենք: Առհասարակ, մենք ընդհանրապես չէինք ուզում որեւէ հաղորդագրություն տարածեինք, նախաձեռնությունը եղավ իրենց կողմից: Ես շատ կարճ պազաբանում էի տվել, որից հետո իրենք ծավալուն ելույթով հանդես եկավ եւ մենք ստիպված էինք արձագանքել», - նշեց ԱԱԾ տնօրենը։

Արթուր Վանեցյանի խոսքով՝ քաղհայցը, որը ներկայացվել է իր դեմ, եղել է հայտնի մամուլի ասուլիսին արած արտահայտության համար. «Ես ասուլիսից անմիջապես հետո ասել եմ, որ իմ խոսքը եղել է ոչ այդքան ճիշտ ձեւակերպված, որի համար պարզաբանում եմ տվել: Այսինքն ինչի համար դիմել են դատարան, ի սկզբանե ես դա հերքել եմ: Ընդհանրապես, անմեղության կանխավարկած խախտվելու բան չկա. Քննչական դեպարտամենտի կողմից ներկայացված հաղորդագրության մեջ նշված են այն հանգամանքները, որոնք հիմք են տվել հարուցել քրգործ ու մեղադրանք առաջադրել», - ասաց նա։

Հարցին, երբ ասում էր Քոչարյանների ընտանիք, նկատի ունե՞ր Սեդրակ Քոչարյանին, Վանեցյանը պատասխանեց. «Քոչարյանի ընտանիք ասելով՝ դրա մեջ մտնում են Քոչարյանների ընտանիքի բոլոր անդամները», - ասաց նա՝ ավելացնելով, որ Քոչարյանների ընտանիքի դեմ որեւէ անձնական խնդիր չունի։

«Քոչարյանների ընտանիքը որեւէ բան չի արել անձամբ ինձ, որ նրանց հետ կապված այդքան խոսվում է։ Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, ունեցել է իր գործունեության ընթացքում նաեւ շատ դրական գործեր, եղել է Արցախի առաջին նախագահը, ու ես, որպես սպա, ԱԱԾ ծառայող, որը ծառայել է նաեւ այդ տարիներին, ես չեմ կարող որեւէ անձնական կամ այլ բաներով խնդիրներ ունենամ այդ ընտանիքի հետ», - ասաց ԱԱԾ տնօրենը։