Հունվարի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի և գլխի շրջանի վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com-ը:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանության ծառայողները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ 26-ամյա Իշխան Ա.-ն և 24-ամյա Արման Զ.-ն։
Ոստիկանները պարզել են նաև, որ նրանք հիվանդանոց են տեղափոխել Ներքին Շենգավիթ 15 փողոցից, որտեղ վիճաբանության ժամանակ անհայտ անձը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Իշխան Ա.-ին, իսկ Արման Զ-ին ծեծի է ենթարկել։
Ժամերի ընթացքում իրավապահները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00:30-ի սահմաններում Բագրատունյաց փողոցի շենքի մոտ նշված անձանց հետ վիճաբանել է Երևանի բնակիչ 19-ամյա Գառնիկ Ս.-ն ով իր մոտ եղած դանակով հարվածել է Իշխան Ա.-ին, իսկ Արման Զ.-ին՝ ծեծի ենթարկել։
Շենգավիթի բաժնի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Գառնիկ Ս.-ին և հանցագործության գործիքը հայտաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ ՔրՕր-ի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։
0Comments