Ուկրաինան հայտնում է ռուսական զորքերի զանգվածային հրթիռային գրոհի մասին

Մանրամասներ
ուկրաինա

Ռուսաստանը հունվարի 13-ի վաղ առավոտյան ձեռնարկել է զանգվածային հրթիռային գրոհ Ուկրաինայի տարածքի վրա, տեղեկացրել է «РБК-Украина»-ն։

Նշվել է, որ ռուսական զորքերը կիրառել են  աերոբալիստիկ «Կինժալներ», թեւավոր հրթիռներ եւ ոչ միայն։

Ուկրաինայի ՌՕՈւ-ն տեղեկացրել է Կասպից ծովի շրջանից արձակված հրթիռների մասին ժամը 05.32-ին։

Տեղեկացվել է նաեւ, որ ռուսական զորքերը Ту-95МС ինքնաթիռներից արձակել են թեւավոր հրթիռներ։ Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել։

Ավելի ուշ Ուկրաինայի ՌՕՈւ-ն տեղեկացրել է МиГ-31К կործանիչի թռիչքի մասին ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի «Սավասլեյկ» օդանավակայանից, այնուհետեւ էլի մի քանի МиГ-31К-երի թռիչքի մասին։ Արձակվել են «Կինժալ» աերոբալիստիկ հրթիռներ։

Նշվել է, որ «Կինժալներն» ուղղվել են Դնեպրի, Կիեւի, Ռովնոյի, Կրիվոյ Ռոգի ուղղությամբ։ Թեւավոր հրթիռները ուղղվել են ընդհուպ մինչեւ արեւմտյան մարզեր։

Արձակվել են նաեւ Х-31П հրթիռենր Խերսոնի մարզի Բերսլավսկի շրջանի ուղղությամբ։

Գրոհի ժամանակ Ուկրաինայի շատ մարզերում աշխատել է հակաօդային պաշտպանությունը, լսվել են պայթյուններ։ Նշվել է, որ Սումիի մարզում վնասվել է 47-ամյա մի կին։