Վեճ ու հրազենային վիրավորում Արամուս գյուղում. ոստիկանությունը՝ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի մասին

Մանրամասներ
Տիրան Խաչատրյան

ՀՀ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Արամուս գյուղում տեղի ունեցած կրակոցների գործից:

Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 11-ին, ժամը 23-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Արամուս գյուղում կռիվ է, խնդրում է` ոստիկան մոտենա։ Մինչ բաժնի օպերատիվ խումբը շտապում էր Արամուս` ժամը 23.39-ին նոր հաղորդում է ստացվում արդեն «Աբովյան» բժշկական կենտրոնից. Արամուս գյուղից շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 1977 թ. ծնված մի տղամարդու։

Վնասվածքը հրազենային էր. բժիշկները հանել են գնդակը: Դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ պարկուճ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ճշտվել է 47-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառողի ինքնությունը: Նա հայտնաբերվել է Ջրվեժ թաղամասի հյուրանոցներից մեկում, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է CZ-75 տիպի մարտական ատրճանակ` 16 փամփուշտ փամփշտակալում, մեկ փամփուշտ էլ փողում:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե: Հանգամանքները պարզվում են»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Shamshyan.com-ի հաղորդմամբ, կրակոց արձակելու մեջ կասկածյալը ՀՀ Պաշտպանության նախարարության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանն է, որին իրավապահները հայտնաբերել են Ջրվեժում հայտնի «Ժպիտ» հյուրանոցային համալիրից, ապա բերման ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին: