Խոստանալ՝ չի նշանակում ամուսնանալ

Պետք է լինեն այնպիսի առավելություններ, որոնք ներդրողին կհրապուրեն այստեղ գալ

 

Խոստանալ՝ չի նշանակում ամուսնանալ. Երեւանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Պետական դումայի Անկախ Պետությունների Համագործակցության, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ, ՌԴ Կոմունիստական կուսակցության պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը՝ պատասխանելով հարցին, թե պատրաստ են արդյոք ռուսաստանցի գործարարները այսուհետ եւս ներդրումներ կատարել Հայաստանում։

Ըստ Կալաշնիկովի՝ հայկական խորհրդարանի պատգամավորներից մեկն իր հետ հանդիպման ընթացքում խոստովանել է, որ ներդրումների հարցում Հայաստանը դժվարություններ ունի։ «Ինչո՞ւ է դժվար։ Դե, որովհետեւ, նախ, մի բան է խոստանալ, բոլորովին այլ բան՝ ընդունել օրենքներ, քանի որ, իսկապես, ներդրողների համար նույնպես դժվար է մի քանի պատճառներով։ Պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի տնտեսությունը կայուն լինի, որպեսզի մարդիկ աշխատավարձ ունենան եւ բնակչության գնողունակությունը բարձր լինի, մյուս հարցը՝ աշխարհաքաղաքականությունն ու քաղաքականությունն են ընդհանրապես, ինչը նույնպես նշանակություն ունի ներդրողի համար»,- պարզաբանել է պատգամավորը։

Կալաշնիկովը նշել է, որ պակաս կարեւոր չէ նաեւ հենց ներդրողների տնտեսական շահը, քանի որ նրանք, որպես կանոն, զուտ տնտեսական շահեր են հետապնդում։

«Ուրեմն, պետք է լինեն այնպիսի առավելություններ, որոնք նրան կհրապուրեն այստեղ գալ։  Ի՞նչ կստանա նա այստեղ։ Ի՞նչ տնտեսական առավելություններ ունի նա այստեղ։ Ինչո՞ւ պետք է ներդրումներ անի Հայաստանում, այլ ոչ թե Վրաստանում։ Շուկան այստեղ, կարծես թե, փոքր է»- ասել է ռուսաստանցի քաղաքական գործիչը՝ հավելելով, որ այս ոլորտը բավական խոր մշակված է։

Միեւնույն ժամանակ, պատգամավորն ասել է, որ Հայաստանին անհրաժեշտ են իրական ներդրողներ, իսկ դրա համար հարկավոր է վերափոխել տնտեսությունը։ Նա կարծիք է հայտնել, որ հայկական ծագմամբ ռուսաստանցի գործարարները պատրաստ են ներդրումներ անել Հայաստանում։

«Նրանք եւ նրանց ռուս գործընկերները պարզապես պետք է դիմանան այս շրջանում... Հայն այդպես է ստեղծված։ Նա միայն դարավոր ցավ չէ, որ ունի այն բոլոր ողբերգություններից, որոնք տեղի են ունեցել հայ ժողովրդի հետ։ Նա միշտ զգում է իր հայրենիքը եւ միշտ կփորձի ինչ-որ կերպ ներդրում անել այստեղ ու օգնել։ Եվ եթե նա հարստացել է Ռուսաստանում, կփորձի գալ Հայաստան, իսկ նրան կհետեւեն նաեւ ռուսաստանցի ներդրողները»,- համոզված է Կալաշնիկովը։