Դեռ չեն հանդարտվել կրքերը, կապված կառավարության որոշմամբ մայիսին Ազգային Ժողովի գործուղումների համար հատկացված 300 մլն դրամ լրացուցիչ գումարի սկանդալային պատմության հետ, հաջորդ ավետիսը հնչեց։ Պարզվում է, կառավարության մոտակա նիստում գործուղումների համար լրացուցիչ կհատկացնեն եւս 250 մլն դրամ։ Վստահ ենք, որ մինչեւ տարեվերջ էլի միլիոններ կտրամադրեն պաշտոնյաների գործուղումների համար, քանի որ իշխանականների սիրտը ճոխ վոյաժներ են ուզում։ Ահավասիկ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ից մեկնում է ԱՄՆ, եւ բռնվեք, նա մեկնում է 31 հոգանոց պատվիրակությամ։ Սա դեռ ամբողջը չէ։
Վարչապետը մեկնելու է հատուկ ինքնաթիռի չվերթով՝ Գյումրի- Լոս Անջելես, սեպտեմբերի 23-ին՝ Լոս Անջելես Սան Խոսե- Նյու Յորք, իսկ սեպտեմբերի 26-ին՝ Նյու Յորք-Երևան երթուղով:
Հատուկ չվերթով Գյումրիից ԱՄՆ մեկնելը կարելի է պատկերացնել, թե ինչպիսի ահռելի ծախս է ենթադրում, սովորաբար երկրի առաջին դեմքերը նման երկար թռիչքների դեպքում սեփական ինքնաթիռով մեկնում էին որեւէ եվրոպական երկիր կամ ՌԴ, այդտեղից արդեն սովորական ինքնաթիռով մեկնում։ Պատճառն այն էր, որ մեր նախագահական ինքնաթիռը այնքան հզորություն չունի, որ միանգամից թռնի ԱՄՆ։
ԱՄՆ մեկնող հայկական պատվիրակության կազմում 31 հոգի է, վարչապետի հետ ԱՄՆ է մեկնում նրա կինը՝ Աննա Հակոբյանը, նախարարներ Տիգրան Խաչատրյանը, Հակոբ Արշակյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը, Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսը, Սփյուռքի հանձնակատարը, Հայաստան հիմնադրամի տնօրենը, կառավարության աշխատակազմից բազմաթիվ աշխատակիցներ՝ խոսնակ, արարողակարգի պատասխանատու, արտաքին կապերի վարչության պետ, տեղեկատվական վարչության աշխատակիցներ։
Պատվիրակության կազմում ընդգրկվել է 5 անվտանգության աշխատակից եւ 7 լրագրող։ Ենթադրվում էր, թե հեղափոխական իշխանությունը ժուժկալություն կցուցաբերի, ի վերջո, հեղափոխության տրամաբանությունն էր հուշում, որ ի հեճուկս նախկինների պետք է ու պարտավոր էին ոտքերները վերմակի չափով մեկնել, բեռ չդառնալ պետության ու մեր՝ հարկատուներիս ուսերին, հնարավորինս կրճատել կողմնակի ծախսերը, եթե կուզեք հրաժարվել անգամ ծառայողական մեքենաներից,շքեղ ծախսերից, վոյաժներից, էլիտար հաճույքներից։ Ի վերջո նախկիններին մերժել ենք պետական միջոցները մսխելու, սեփական կարիքները հոգալու պատճառով։
Մինչդեռ ժողովրդի վարչապետն ու իր տիկինը սեփական օրինակով են մյուսներին օրինակ ծառայում, ինչպես ոտատակ տալ աշխարհը եւ ինչպես վատնել պետական միջոցները։ Իսկ եթե այսպիսի հսկա պատվիրակությամբ ԱՄՆ մեկնեն ունի մեկ նպատակ, որպեսզի 90-ականների ազդեցության տակ մնացած տեղի հայ համայնքին, ցույց տա իր իշխանության միասնականությունն ու միակուռությունը, վստահեցնում ենք, դա էլ չի փրկի։
Թե կոնկրետ որքան գումար կնստի այս այցը պետության վրա, դեռ պարզ կդառնա առաջիկայում, սակայն մոտավոր հաշվարկներով էլ կարելի է պարզել, որ մեկ անձի հաշվարկով նվազագույնը 3 հազար դոլար գումար է պահանջվելու, սա ամենամինիմալ տարբերակով։ Այդուհանդերձ, այս ամենում ամենահետաքրքրականը վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի ներկայությունն է, ասենք ինչ էր լինելու, եթե տիկինն այս անգամ չուղեկցեր ամուսնուն։
Անի Սահակյան
0Comments