«Փաստ» թերթը գրում է. «Հեղափոխության հիմնական հատկանիշն այն էր, որ այն հաղթանակ տարավ սահմանադրական կարգավորումների միջոցով: Երբ Հանրապետության հրապարակում հավաքված էին տասնյակ հազարավոր մարդիկ, Նիկոլ Փաշինյանի մտքով չանցավ ինքնահռչակվել վարչապետ՝ նույնիսկ այն պարագայում, երբ մայիսի 1-ին խորհրդարանը չքվեարկեց նրա վարչապետության օգտին: Հեղափոխությունը հաղթեց բացահայտ ճնշումների, բայց միանգամայն լեգալ գործիքների միջոցով, ինչի պատճառով նոր իշխանությունը լեգիտիմացվեց մեր հասարակության ու միջազգային հանրության աչքերում՝ անգամ մինչև խորհրդարանական ընտրությունները:
Սակայն մեր հեղափոխությունն էլ չդիմացավ գայթակղությանն ու արդեն իշխանության կարգավիճակում տուրք տվեց սովորական զոռբայությանը ու շատերի խոսքում սովորական դարձան հակաիրավական, հակաքաղաքական եզրույթները:
Օրինակ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում բաղձալի 80 տոկոսը «նվաճվեց» «ասֆալտին պառկեցնելու» ավտորիտար ու ռեպրեսիվ, հակաիրավական ու հակաքաղաքական կարգախոսների ուղեկցությամբ: Նույն տրամաբանությունը գործեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ պետական մակարդակով «հակահեղափոխական» կամ «սև» հռչակվեցին բոլոր այն ուժերը, որոնք նոր ընդդիմություն ձևավորելու հայտ էին ներկայացրել: Դատական ռեֆորմի ոչ պաշտոնական մեկնարկը վերջնականապես թաղեց թավշյա հեղափոխությունը: Անբացատրելի, անմեկնելի է այն փաստը, երբ երկրի ղեկավարը դատական ռեֆորմի դրույթները հրապարակում է՝ դատարանների մուտքերի շրջափակման հրահանգ տալով:
Այդ պարագայում՝ ռեֆորմի բովանդակությունը, գեղեցիկ ելույթները կորցնում են իրենց նշանակությունը, քաղաքական ու բարոյական էֆեկտը:
Դեռ ամիսներ առաջ հնարավոր չէր պատկերացնել, որ ՍԴ որևէ անդամ (ներողություն՝ դատավոր) կարող է ինքնիրավչությամբ իրեն հռչակել բարձր դատարանի նախագահ: Սա նույնիսկ աղերս չունի դատական ռեֆորմի հետ, ու ավելի ճիշտ կլինի, որ իշխանություններն ընդհանրապես հրաժարվեն ֆորմալիստական մոտեցումներից ու հայտարարեն, որ ձգտում են տոտալ իշխանության՝ թքած ունենալով բանականության ու օրենսդրության վրա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
0Comments