«Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը, որ հազար անգամ խելացի էր այսօրվա վարչապետից, չկատարեց Ռուհանիի պահանջները». Քաղաքագետ

Քաղաքագետը հիշեցրեց, որ ամերիկացիներն արդեն 45 տարի Իրանին սպառնում են պատերազմով, բայց բացահայտ պատերազմ դեռ չեն սկսել ու չեն սկսի

Մերձավոր Արևելքում  միակ պետությունը, որն ինքնուրույն քաղաքականություն է վարել և վարում՝ Իրանն է:   Այս համոզումն ունի քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, ով լրագրողների հետ հանդիպմանը  նշեց, որ մնացած բոլոր պետություններն այս կամ այն ձևով վերահսկելի են. «Գունավոր-ոչ գունավոր իշխանափոխությունները  միշտ անցնում են ամերիկացիների հսկողության տակ, միակ աննախադեպ օրինակը Իրանն է, որն իսլամական հեղափոխությունից հետո կարծես ապացուցում է, որ ընդհանրապես անվերահսկելի է»:

Քաղաքագետը հիշեցրեց, որ ամերիկացիներն արդեն 45 տարի Իրանին սպառնում են պատերազմով, բայց բացահայտ պատերազմ դեռ չեն սկսել ու չեն սկսի:

Անդրադառնալով վերջին զարգացումներին, որ Իրանը սկսել է 3,67 տոկոսից՝ այն է առավելագույն մակարդակից, բարձր ուրան հարստացնել, որը նախատեսված է միջուկային գործարքով, նա նշեց.

«Դեմարշները հետաքրքիր բնույթ են կրում, վերջերս, բացի Իրանի՝ ուրանի հարստացման մասին հայտարարությունը, հուլիսի 7-ին լրացել է Իրանի վերջնագիրը Եվրոպական երկրներին, որպեսզի նրանք շուտափույթ աշխատեցնեն  փոխադարձ վճարումների համակարգ, սակայն եվրոպացիները, բնականաբար, խաբում են: Այդ պատճառով ամսի 7-ից հետո Իրանն ասել է, որ անցնում է միջուկային փորձարկումների  երկրորդ  փուլին.  նրանք չեն շտապում, թողնում են դռները բաց»:

168.amի հարցին, թե արդյո՞ք հավանական է Իրանից Հայաստան սպառման գազ ձեռք բերելու հնարավորությունը, քանի որ  օրերս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել էր, թե Հայաստանն Իրանի հետ բանակցում է սպառման համար գազ ձեռք բերելու նպատակով, քաղաքագետը պատասխանեց.

«Իրանից՝ Հայաստան գազամատակարարում ոչ մի կերպ հնարավոր չէ, մինչև Հայաստանը չկատարի Իրանի պայմանները, իսկ այդ պայմանները, որոնք հնչեցրել են, և հույս ունեմ, որ հասցրել են մինչև վարչապետ, նույն պայմաններն են, որ 2016թ. դեկտեմբերին  ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին.

ա.՝ Ազատել բոլոր կարգի սահմանափակումներից իրանական բանկերի  գործունեությունը ՀՀ-ում, այսինքն՝ հետ կանգնել ամերիկյան պատժամիջոցներից, որոնք լուռ կիրառվել են,

բ.՝ անցնել երկկողմանի առևտրում ազգային արժույթի:

Սա չի վերաբերում կոնկրետ Հայաստանին, սա վերաբերում է ողջ աշխարհին»:

Հարցին, թե ի՞նչ հետևանքներ կլինեն Հայաստանի համար, եթե այդ պահանջներին հետևի, նա ասաց, որ կանոնների բախում արդեն տեղի է ունենում.

«Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չկատարեց Ռուհանիի պահանջները, քանի որ ԱՄՆ կանոնները և պահանջները մեր տարածքում բախվել են Իրանի առաջարկությունների, պահանջների հետ, թե չէ՝ Սերժ Սարգսյանը հազար անգամ խելացի էր այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ինքն էն ժամանակ կաներ՝ ինչ պետք էր:

Այստեղ թեկուզև պետք է հենց Ռոբերտ Քոչարյանի նման վճռականություն ունեցող մարդ, ով բոլորի վրա «թքել»  և Իրան-Հայաստան գազամուղ է սարքել»:

 

Մանրամասները՝ տեսանյութում