Նախօրեին հրազենային վիրավորումից մահացած Գրանիկ Վարդանի Խնկոյանը Շիրակի մարզի Բենիամին գյուղից էր, զորակոչվել էր հունվար ամսին, ծառայում էր Արարատում: NEWS.am-ի հետ զրույցում Բենիամին վարչական շրջանի ղեկավար Արտակ Անտոնյանը հայտնեց, որ, ըստ պաշտոնական վարկածի, Գրանիկը ինքնասպան է եղել, սակայն դեռ մանրամասների չի տիրապետում:
«Գրանիկը Արարատում էր ծառայում, ճիշտն ասած լսել էի, որ երեկ մի դեպք էլ է եղել, բայց չեմ կարող ասել, թե ինչ է պատահել, մանրամասների չեմ տիրապետում: Գրանիկը մի քանի օր առաջ արձակուրդ էր եկել, տեսել եմ իրեն, խոսել, գոհ էր ծառայությունից: Իրենք յուրահատուկ ընտանիք են, իրենից փոքր երկու եղբայր էլ ունի Գրանիկը, հայրն ու մայրն էլ գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղվում: Գրանիկը շնորհքով, աշխատասեր երեխա էր, անհավատալի է, երեկ առավոտ էլ հոր հետ էր խոսել, ասել էր, որ ամեն ինչ նորմալ է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի ետնամասում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գրանիկ Խնկոյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2023 թվականի օգոստոսի 10-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:50-ի սահմաններում, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում նույն զորամասի ժամկետային զինծառայող Ժորա Կարապետյանը, լինելով ազատ հերթափոխում, գետնատնակի մոտ այլ զինծառայողին ամրակցված ինքնաձիգով կատարել է ինքնասպանության փորձ։ Զինծառայողը տեղափոխվել է Արարատի ԲԿ, այնտեղից՝ Երևան՝ զինհոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ զինծառայող Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել են նրա երկու համածառայակիցները, իսկ Գրանիկ Խնկոյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, միջադեպի հանգամանքները պարզվում են։
0Comments