Ամառային զորակոչը կմեկնարկի ապրիլի 21–ից

Մանրամասներ
պն

Ամառային զորակոչը 2025 թվականին կմեկնարկի ապրիլի 21–ից: Որոշման նախագիծն ընդգրկված էր կառավարության ապրիլի 17–ի չզեկուցվող հարցերի շարքում:

Նախագծով կառավարությունը որոշում է հայտարարել 2025 թվականի ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է կամ, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառա­յության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված արական սեռի քաղաքացիների զորակոչը:

Կառավարությունը որոշում է 2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացնել 2025 թվականի հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2025 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ: