Թշնամուն պետք է ուղղվեն հստակ ազդակներ, որ նրա կողմից պատերազմ սկսելու դեպքում մեր կողմից այն լինելու է Կենաց-Մահու կռիվ․ Վահրամ Մարտիրոսյան

Մանրամասներ

Արցախի խնդրի լուծման ռացիոնալ ուղիների բացակայության պատճառով հասարակությունը մատնվել է քաոսի։ Մարդիկ անզորությունից արդեն ամենաանհավանական առաջարկներ են անում։

Իշխանություն-ընդիմությունների քաղաքական միտքը կարողանում է գեներացնել միայն իռացիոնալ-ծայրահեղական մոտեցումներ, որոնք բնականաբար մերժելի են հանրության մեծամասնության կողմից։

1. Ոչինչ չանել և փորձել գեներացնել միջազգային հանրության խղճահարությունը։ Սրանք նաև դողացող նապաստակի նման վախենալով թշնամուց փաստացի պատերազմ են քաշում մեզ վրա։

2. Հարձակվել ու ուժով բացել Բերձորի միջանցքը։ Ոմանց նույնիսկ թվում է թե իրենք պատերազմ են հայտարարելու միայն Ադրբեջանի Լաչինի շրջանին, այլ ոչ թե ամբողջ Ադրբեջանին։

3. Դիմել ՄԱԿ-ին խաղաղապահներ մտցնելու խնդրանքով։ Սա ընդհանրապես էկզոտիկ առաջարկ է։ Ըստ ՄԱԿ-ի կանոնադրության առանց կողմերի համաձայնության խաղաղապահներ չեն տեղակայվում։ Եթե նույնիսկ մտցնեն էլ, ապա նախադեպային տրամաբանությունը ցույց է տալիս, որ իրադրության վրա սա ոչ մի կերպ չի ազդելու։

Կա 4-րդ ճանապարհը՝ Ռազմավարական Զսպման քաղաքականությունը։ Սա նախատեսում է ռազմական և դիվանագիտական ներդաշնակված քայլերի իրականացում, որի արդյունքում հակամարտությունը պահվում է կառավարելի տիրույթում՝ թույլ չտալով նրան վերաճել մեծ պատերզմի, իսկ թշնամու հետ հարաբերությունները վերածվում են կոշտ, բայց արժանապատիվ բանակցությունների։

Ռազմավարական Զսպման դիվանագիտական բաղադրիչի մասով առաջին քայլով պետք է վերջ դնել Գավառական Շուստրությանը, և անցում կատարել Ապացուցողական Դիվանագիտությանը։

Իսկ ռազմական բաղադրիչը նախատեսում է 2 հիմնական գործողությունների իրականացում։

1. Երկրի միլիտարիզացիայի մակարդակի բարձրացում։

2. Կենաց-մահու կռիվ մղելու դեմոնստրացիա։ Թշնամուն պետք է ուղղվեն հստակ ազդակներ, որ նրա կողմից պատերազմ սկսելու դեպքում մեր կողմից այն լինելու է հայրենական։

Պատերազմից խուսափում են դրան պատրաստվելով, այլ ոչ թե դրանից վախենաով։

Վահրամ Մարտիրոսյան