Ամերիկացի 64-ամյա երգչուհի Մադոննան դեռևս վատառողջ է՝ չնայած նրան, որ դուրս է գրվել հիվանդանոցից բակտերիալ վարակի պատճառով, հայտնում է TMZ-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ նա անկողնուց չի կարողանում վեր կենալ և սրտխառնոցի նոպաներ է ունենում։
Ըստ TMZ-ի՝ Մադոննան վերակենդանացման բաժանմունքից դուրս է գրվել չորեքշաբթի՝ հունիսի 28-ի երեկոյան։ Այժմ երգչուհին Նյու Յորքի իր տանն է։
Աղբյուրների համաձայն՝ նրա հոբելյանական շրջագայության մեկնարկի հետաձգման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Մադոննան չի ցանկանում չեղարկել շրջագայության առաջին շոուները, որոնք պետք է մեկնարկեն հուլիսի 15-ին։ Միաժամանակ, հարազատները նրան խորհուրդ են տալիս հետաձգել դրանք և ապաքինվել։
Հրատարակության տվյալներով՝ Մադոննան մոտ մեկ ամիս հիվանդ է եղել, սակայն թաքցրել է դա, քանի որ զգուշացել է բուժօգնության պատճառով շրջագայության հնարավոր հետաձգումից։ Անցած շաբաթ օրը՝ հունիսի 24-ին, նա կորցրել է գիտակցությունը, որից հետո հոսպիտալացվել է։
Ավելի վաղ նրա մենեջեր Գայ Օզրին հայտնել էր, որ Մադոննան «լուրջ բակտերիալ վարակով» հոսպիտալացվել է. նա վերակենդանացման բաժանմունքում է։ Երգչուհին մի քանի օր անցկացրել է բժիշկների հսկողության տակ։ Նա նաև հայտնել է, որ հիվանդության պատճառով՝ Մադոննայի մասնակցությամբ առաջիկա միջոցառումները, այդ թվում՝ նրա համերգային շրջագայության մեկնարկը, անորոշ ժամանակով հետաձգվել են։
0Comments