Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:
«Ադրբեջանի պատվիրակությունն արեց ամեն ինչ` բանաձևը փոփոխելու կամ դրա ընդունումը տապալելու համար, բայց ոչինչ չստացվեց։
Նրանց առաջարկած մոտ 60 փոփոխությունները մերժվեցին և բանաձևն ընդունվեց։
Ի հեճուկս Ադրբեջանի պնդումների՝ ԵԽԽՎ բանաձևը հստակ արձանագրում է, որ Լաչինի միջանցքով չկա ազատ և անվտանգ տեղաշարժ։
Բանաձևը հիմնականում անդրադառնում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար և մարդու իրավունքների հետևանքներին, ընդգծվում է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության հրատապ գործուղման անհրաժեշտությունը, կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ կատարել ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, կոչ է արվում Ադրբեջանին վերականգնել էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ։
Ադրբեջանին նաև հասցեական կոչ է արվում հրաժարվել հայերի դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից։
Բանաձևում, ի թիվս այլ կետերի, մասնավորապես, արձանագրվում է. Վեհաժողովը չափազանց անհանգստացած է Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի ընդհատումով և դրան հաջորդած էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման կանխամտածված դադարեցմամբ։
Վեհաժողովը ցնցված է այն փաստից, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ընդունում ներկա իրավիճակից բխող լրջագույն հումանիտար և մարդու իրավունքների հետ կապված հետևանքները:
Վեհաժողովը խորապես ափսոսում է, որ ԵԽԽՎ զեկուցողն իր փաստահավաք այցի ընթացքում չի հրավիրվել Ադրբեջան և չի կարողացել մեկնել Լաչինի միջանցք։
0Comments