Ինձ ոչ մեկը չի ասել՝ այսինչ գործում կամ, թե չկամ․ երբ ինձ մեղադրանք առաջադրեն, այն ժամանակ կխոսենք․ նախարար․ «Հրապարակ»

Մանրամասներ

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ մենք տեղեկություն ունեինք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ նրա տեղակալներից մեկը հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում՝ չարաշահումների կամ կոռուպցիոն գործարքների հետ կապված վարույթներով։ Մեր աղբյուրները 6-8 հարյուր մլն դրամի հասնող չարաշահումների մասին էին փոխանցում` գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի հետ կապված: Որքանով մեզ հաջողվեց ճշտել` ինտենսիվ կամ խելացի այգիների ծրագրի մասին է խոսքը։ Մեր աղբյուրը հավատացնում էր, որ սա լինելու է ՔՊ-ական իշխանությունների օրոք ամենամեծ կոռուպցիոն գործը, որի բացահայտումը հիմնովին վարկաբեկելու է իշխող կուսակցությանը: Եվ պնդում էր, որ գործով անցնում են նախարարն ու նրա տեղակալը` Նարեկ Տերյանը: Ըստ նույն աղբյուրի՝ իշխանությունը քննարկում է այն հարցը, թե Քերոբյանին կալանավորելն ինչպես կանդրադառնա իր իմիջի վրա` կալանավորելը կվնասի՞, թե՞ սեփական թիմում հայտնաբերված չարաշահումները բացահայտելը եւ թիմակցին անխնա պատժելը կբարձրացնեն ՔՊ-ի իմիջը: Փորձեցինք անձամբ Վահան Քերոբյանից պարզել՝ արդյոք ինքն անցնո՞ւմ է որեւէ քրեական գործով, ունի՞ որեւէ դատավարական կարգավիճակ, եւ, առհասարակ` գյուղատնտեսության սուբսիդավորման ոլորտում ի՞նչ է կատարվում։ Նախարարը չհերքեց, որ ուսումնասիրություններ են ընթանում։ Ներկայացնում ենք մեր զրույցը։

- Պարոն Քերոբյան, տեղեկություններ կան ձեր ոլորտում հայտնաբերված խոշոր չարաշահումների վերաբերյալ, անգամ ասվում է՝ «Ինտենսիվ այգիներ» ծրագրի շրջանակներում կոռուպցիոն շղթա է գործել։ Ձեր եւ Ձեր տեղակալներից մեկի ներգրավվածության մասին է խոսվում…

- Ես չգիտեմ, որեւիցե տեղեկություն չունեմ․․․ Գիտեմ, որ ուսումնասիրություններ կան Քննչական կոմիտեում, բայց մանրամասներ չգիտեմ, բայց առաջարկում եմ զբաղվել արդեն կայացրած դատական որոշումներով։

- Եթե նկատի ունեք անմեղության կանխավարկածը չխախտելը, ապա նկատենք, որ դա իշխանության հոբբին է, որը պարբերաբար հայտարարություններ է անում` մարդկանց մեղադրանքներ հնչեցնում նոր հարուցված եւ անգամ չհարուցված քրեական գործերով: Ես ընդամենը հարցնում եմ մեզ հասած տեղեկությունների մասին` Դուք կամ Ձեր տեղակալներից մեկը ներգրավվա՞ծ եք Ձեր մատնանշած ուսումնասիրությունների փաստով ընթացող գործընթացում, կանչվե՞լ եք հարցաքննության, բացատրություններ տալու։

- Ես չգիտեմ դրա մասին։

- Դուք չգիտե՞ք` Ձեզ կանչե՞լ են, թե՞ ոչ։

- Ինձ ոչ մեկը չի ասել, որ այսինչ գործում կամ, թե չկամ։

- Եթե չեմ սխալվում՝ ՊՎԾ-ի ուսումնասիրությունների հիման վրա է վարույթը հարուցվել ու մի քանի դրվագներով, եթե թերացումն արդեն արձանագրել են, ինչպե՞ս կարող եք Դուք չառնչվել, տեղյակ չլինել, հատկապես նման խոշորամասշտաբ գործով։

- Էլի եմ ասում՝ ինձ մանրամասներ հայտնի չեն, ես չգիտեմ՝ ես կա՞մ, թե՞ ոչ։ Կառավարությունը ծրագիր է ընդունել, որն իրականացնում են էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները։ Եթե լինի մեղադրանք, ինձ մեղադրանք առաջադրեն, այն ժամանակ կխոսենք, մինչեւ հիմա ինձ ոչ մեկը չի կանչել, չի հարցաքննել»։